ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախագիծը մեծ հավանականությամբ հանրությանը կներկայացվի նոյեմբերին, որից հետո կմեկնարկեն դրա լայնածավալ քննարկումները։ Նա այդ մասին ասել է Ազգային ժողովում ունեցած ելույթի ընթացքում:
«Մենք առաջիկայում, մինչև տարվա վերջ, հավանականությունը մեծ է, որ նոյեմբերին կհրապարակենք նոր Սահմանադրության նախագիծը»,- ասել է Փաշինյանը, հայտնում է Panorama.am-ը:
Կառավարության ղեկավարը պարզաբանել է, որ նոր սահմանադրության նախագիծը արդարադատության նախարարությունը պատրաստել է «վարչապետի հանձնարարությամբ»։ Նրա խոսքով՝ հրապարակման պահից կսկսվեն հանրային քննարկումները, կընդունվեն առաջարկներ, կքննարկվեն։
«Դա կտևի այնքան ժամանակ, մինչև համոզվենք, որ նոր սահմանադրության նախագիծը բավարար չափով քննարկված է հանրության շրջանում, որից հետո կկազմակերպենք նոր սահմանադրության նախագծի հետագա քննարկում։ Մինչև մի x կետը շատ կանխատեսելի է, դա կլրամշակենք, կմշանեք, կառավարությունը կընդունի նախագիծը, կուղարկի ԱԺ, կսկսվի քննարկումները, հետագա իրադարձությունները կախված կլինեն այդ քննարկումներից»,- ասել է Փաշինյանը։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ ՀՀ նոր Սահմանադրության նախագիծն առաջիկա շաբաթների ընթացքում կներկայացվի հանրությանը: Նախարարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հասարակությանը ներկայացվելիք փաստաթուղթը վերջնական չէ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ առաջիկայում կսկսվեն հանրային քննարկումներ, ապա նախագիծը կուղարկվի խորհրդարան և իշխող ուժը կփորձի ընդդիմությանը համոզել, որ սա շատ կարևոր և սկզբունքային հարց է: