Իրանի հետ հակամարտության կարգավորման հարցում գնդակն ԱՄՆ-ի դաշտում է: Այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
Միաժամանակ նա նշել է, որ Հորմուզի նեղուցը բացելու իրանական ծրագրի իրագործումը միանգամայն իրատեսական է
«Գնդակն ԱՄՆ-ի դաշտում է, քանի որ մենք միանգամայն հստակ շարադրել ենք մեր պահանջները: Ոչ մի վերջնական գործարք չի կարող կնքվել, իսկ Հորմուզի նեղուցը չի բացվի և անվտանգ չի լինի, քանի դեռ ծովային շրջափակումը չի վերացվել, իսկ Իրանի պահանջները հաշվի չեն առնվել»,- ասել է Բաղային:
Իրանցի դիվանագետի խոսքով՝ Թեհրանի պահանջները բավարարելուց հետո հնարավոր կլինի խոսել ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացը շարունակելու մասին:
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանեց իր կողմից հարվածներով: Չնայած հակամարտությունում դադար է նկատվում, այն մնում է չկարգավորված, և առկա են ռազմական գործողությունների վերսկսման ռիսկեր:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։