Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ

Քաղաքականություն

02.11.2026 | 14:29

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով Կարեն Սարուխանյանը նշանակվել է Գյումրու ցանցի պետ։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ պաշտոնն ստանձնում է եռամսյա դադարից հետո։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ուղիղ եռամսյա դադարից և հանգստից հետո այսօրվանից, ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով, ստանձնում եմ Գյումրու ցանցի պետի պատասխանատու պաշտոնը։

Այս ընթացքում ստացել եմ աշխատանքի տարբեր առաջարկներ՝ թե՛ մասնավոր հատվածից, թե՛ պետական և համայնքային կառավարման ոլորտներից։ Սակայն նախընտրել եմ գործունեությունս շարունակել Գյումրիում՝ ծառայելով իմ քաղաքին ու գյումրեցիներին։

Ստանձնած պատասխանատվության լիարժեք գիտակցմամբ և հետևողական աշխատանքով շարժվում ենք առաջ՝ հանուն Գյումրու խաղաղ զարգացման»,- գրել է Սարուխանյանը։

Հիշեցնենք, որ Սարուխանյանը նախկինում զբաղեցրել է պետական մի շարք պաշտոններ։ 2018 թվականի հունիսից մինչև 2019 թվականի հունվար ամիսը եղել է Շիրակի մարզպետ, ապա՝ Ազգային ժողովի պատգամավոր։ 2021 թվականի սեպտեմբերին նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, սակայն նույն տարվա դեկտեմբերի 6-ին ազատվել է այդ պաշտոնից։

2025 թվականի դեկտեմբերին նա հայտարարել էր, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում չի ընդգրկվելու ՔՊ-ի նախընտրական ցուցակում, բայց շարունակելու է գործունեությունը կուսակցությունում։ 2026 թվականի սեպտեմբերին հարցազրույցում նշել էր, որ ընտրություններից հետո դադար է վերցրել և չի հեռացել քաղաքականությունից։

Leave a comment