Ազգային ժողովի խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը և պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն արձագանքեցին ընդդիմության հնչեցրած մեղադրանքներին՝ կապված ԹՐԻՓՓ համաձայնագրի, Սահմանադրության փոփոխության, զիջումների շղթայի և «հանրային ճնշման» շուրջ ծավալված բանավեճի հետ։
Անդրադառնալով լրագրողների հարցին, թե ինչու ԹՐԻՓՓ-ի հարցում չի գործում «հայելային» սկզբունքը, ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պարզաբանեց, որ ԹՐԻՓՓ-ը բացառապես Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև ստորագրված փաստաթուղթ է, և այն չպետք է շփոթել հայ-ադրբեջանական բանակցությունների հետ․ «ԹՐԻՓՓ-ը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիր է, Ադրբեջանում ԹՐԻՓՓ չկա։ Այն վերաբերում է ՀՀ տարածքով անցնող ճանապարհին։ Մյուս կողմից՝ արդեն իսկ տևական ժամանակ Հայաստանից բեռներ են փոխադրվում Ադրբեջանի տարածքով, և հակառակը՝ անխոչընդոտ։ Հետևաբար, հայելային սկզբունքը որևէ կերպ չեղարկված չէ»։
ՔՊ պատգամավոր Հակոբյանը շեշտեց, որ ԹՐԻՓՓ-ը որպես «զիջում» ներկայացնելն աբսուրդ է․ «ԱՄՆ-ն ներդրումներ է կատարում Հայաստանում, որպեսզի Հայաստանը դառնա «Միջին միջանցքի» կարևորագույն մաս և «Խաղաղության խաչմերուկ»։
Ամբողջ աշխարհում պետությունները պայքարում են նեղուցների ու տարանցիկ ուղիների վերահսկողության համար՝ ինչպես Բոսֆորը կամ Հորմուզը։ Հիմա Հայաստանին հնարավորություն է տրվում դառնալու ցամաքային կարևոր հանգույց, որից օգտվելու են և՛ Հայաստանը, և՛ ԱՄՆ-ն, և՛ Եվրոպան, և՛ տարածաշրջանը։ Իսկ ընդդիմությունը փորձում է վիժեցնել այս ամենը, որպեսզի Հայաստանը նորից մնա արտաքին կախվածության մեջ»։
Անդրադառնալով Խաղաղության պայմանագրի բանակցություններին, խմբակցության քարտուղարը նշեց, որ երբ երկու կողմերը չէին կարողանում համաձայնության գալ ճանապարհների ապաշրջափակման կետի շուրջ, փոխադարձ համաձայնությամբ այդ դրույթը հանվեց տեքստից, որպեսզի այն չխոչընդոտի խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ «Այդ ժամանակ ընդդիմությունը մեզ մեղադրում էր, թե զիջել ենք ու հանել ենք այդ կետը։ Հիմա, երբ Հայաստանն այլ ձևաչափով՝ ԹՐԻՓՓ-ի միջոցով է ապաշրջափակվում, էլի մեղադրում են զիջման մեջ։ Սա պարզունակ ծխածածկույթ է»։
Իշխանական պատգամավորները կտրականապես հերքեցին այն պնդումները, թե նոր Սահմանադրություն ունենալու նախաձեռնությունը Բաքվի պահանջն է․ «Սահմանադրության թեման Հայաստանի ներքին օրակարգն է։ 2026 թվականի Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա իր նպատակներն ու պահանջներն արտահայտող, լեգիտիմ ճանապարհով ընդունված Սահմանադրություն։ Որևէ մեկը չի չեղարկում Անկախության հռչակագիրը․ այն եղել է, կա և մնալու է հավերժ որպես մեր պետության հիմք։ Բայց մենք խոսում ենք նոր իրողությունների և ժողովրդի կողմից ընդունվելիք Մայր օրենքի մասին»։
Պատգամավորները համաձայն չէին նաև ընդդիմադիրների վկայակոչված «զիջումների շղթայի» թեզի հետ․ «Մանիպուլյացիա է, թե մենք շղթայական զիջումների ենք գնում։ Ես մարտահրավեր եմ նետում՝ փաստաթղթավորված մի՛ օրինակ բերեք, որտեղ Ադրբեջանը զիջում է պարտադրել, և մենք 1 միլիմետր ՀՀ ինքնիշխանությունից կամ տարածքային ամբողջականությունից զիջել ենք։ Չկա՛ նման բան։ Ընդհակառակը՝ 2022 թ․ Պրահայի հայտարարությունից հետո, երբ փոխադարձաբար ճանաչվեց տարածքային ամբողջականությունը, Հայաստանը ստացավ միջազգային հանրության աջակցությունը և հնարավորություն ունեցավ տարբեր աղբյուրներից ժամանակակից զենք-զինամթերք ձեռք բերել»։
Լրագրողների դիտարկմանը, թե ընդդիմությունը Փաշինյանի խոսքերը, «հանրային ճնշմամբ ընդդիմությանը պարտադրել կողմ քվեարկել»-ը որակել է որպես շանտաժ և պետական հեղաշրջման փորձ, Հակոբյանը կոշտ հակադարձեց․ «Նախ՝ ընդդիմության ներկայացուցիչներին, հատկապես դաշնակցականներին, խորհուրդ կտամ պետական հեղաշրջումից ընդհանրապես չխոսել ու բերանները չբացել։ Թող հիշե՛ն հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը։ Այ դա՛ էր պետական հեղաշրջման փորձ, որը ՀՀ ժողովուրդը թույլ չտվեց»։
Ըստ Հովհաննիսյանի՝ հանրային ճնշումը շանտաժ չէ, այլ քաղաքական լեգիտիմ գործիք․ «Ինչպես ընդդիմությունն ունի հանրահավաքներ անելու իրավունք, այնպես էլ ցանկացած քաղաքական ուժ և ժողովուրդն ունեն սահմանադրական գործիքակազմով իրենց կամքը պարտադրելու իրավունք։ Եթե ժողովուրդը համարի, որ Սահմանադրության նախագիծը բխում է Հայաստանի շահերից, նա ունի իրավունք պահանջելու իր պատգամավորներից՝ կատարել իր կամքը»։
Ինչ վերաբերում է ընդդիմության ստացած 500 հազար ձայներին, ՔՊ պատգամավորը նկատեց, որ ընդդիմությունն այդ ռեսուրսը վաղուց մսխել է․ «Ո՞ւր են այդ 500 հազար քաղաքացիները։ Ինչո՞ւ ՏԻՄ ընտրություններում ընդդիմությունը չկարողացավ կապիտալիզացնել այդ վստահությունը։ Այդ ձայները վաղուց փոշիացել են ընդդիմության անգործության և բոյկոտների պատճառով»։
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների այն պնդումներին, թե հանրային ճնշումները կարող են հանգեցնել քաղաքացիական բախումների, իշխանական Հակոբյանը դա որակեց որպես հերթական «էժանագին սարսափազդու հայտարարություն»․ «2020 թվականից ի վեր՝ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև դաշնակցականներ, անընդհատ կանխատեսում են, թե «հեսա քաղաքացիական պատերազմ է սկսվելու»։
Հայաստանի Հանրապետության հասարակությունը բավականաչափ հասուն է, որպեսզի որևէ մեկը չկարողանա երկիրը տանել ներքին արյունահեղության։ Գեղամ Մանուկյանն ու մյուսները թող հանգիստ լինեն՝ բախումներ չեն լինելու»։ Ճեպազրույցի ավարտին ՔՊ ներկայացուցիչները վերահաստատեցին, որ իշխանության նպատակն է հասնել կայուն և երկարատև խաղաղության՝ պահպանելով Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան