«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երկրի տնտեսական ու քաղաքական կայունության դեմ ուղղված «գաղտնի պլանին»։

Կառավարության ղեկավարի փոխանցմամբ՝ այդ պլանի հեղինակները Հայաստանի ներսում չունեն բավարար ռեսուրսներ և հույսը դրել են արտաքին աջակցության վրա, որը որոշակի հովանավորչություն ունի Եվրասիական տնտեսական միության և Ռուսաստանի Դաշնության որոշակի շրջանակներում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականից ի վեր Կառավարությունը մշտապես գիտակցել է առկա մարտահրավերները, սակայն 2026 թվականին «քարտերը բացվել են»։ Ըստ նրա՝ որոշակի ուժերի առջև խնդիր է դրված խոչընդոտել Հայաստանի տնտեսական հանձնառությունների կատարումը և կասեցնել նախանշված զարգացման ընթացքը։

Փաշինյանը նշեց, որ այդ պրոցեսը պայմանականորեն անվանվում է «գաղտնի պլան», որի հեղինակները ստիպված են արտաքին աղբյուրներ փնտրել։

«Իհարկե, Հայաստանում հիմա այդ ամբողջ պրոցեսը կարող ենք անվանել մեկ պայմանական վերնագրով, որը հենց հեղինակներն են վերնագրել՝ «գաղտնի պլան»։ Հիմա ակնհայտ է նաև, որ Հայաստանի Հանրապետության ներսում այդ «գաղտնի պլանը» իրագործելու ռեսուրս չկա, և «գաղտնի պլանի» հեղինակները պիտի ամեն ինչ անեն արտաքին ռեսուրսներ ներգրավելու համար»,- ասաց նա։

Գործադիր իշխանության ղեկավարն ընդգծեց, որ ծրագիրն ունի արտաքին աջակիցներ։

«Պարզ է, ակնհայտ է, չեմ ուզում թաքցնել նաև, որ այդ պլանը Եվրասիական տնտեսական միության որոշ շրջանակներում և Ռուսաստանի Դաշնության որոշ շրջանակներում ունի աջակցություն, և նաև դրա համար կան պատճառներ, որովհետև Հայաստան գործուղվել են մարդիկ՝ շատ կոնկրետ խոստումներով, երաշխիքներով»,- պնդեց Փաշինյանը։

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության գործելաոճին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտաքին երաշխիքների վրա հենվելը պատմականորեն միշտ հանգեցրել է ողբերգական հետևանքների։ Նա հորդորեց ընդդիմադիրներին վերլուծել վերջին մեկուկես տարվա իրադարձությունները։

«Իմիջիայլոց, հետաքրքիր բան է՝ այս մեր ընդդիմության ներկայացուցիչները որ այդքան երաշխավորների մասին խոսում են, մեկը հարցնի՝ բա որ ձեզ երաշխիքներ տվել, ուղարկել էին Հայաստան, բա այդ երաշխիքները ինչո՞ւ չեն կարողանում իրագործել, որ հիմա էլ նորանոր և դրամատիկ ջանքեր պիտի օգտագործեք։ Գոնե, ասենք, ենթադրենք հայ ժողովրդի պատմությունը չեք ուզում կարդալ, մի հատ պտտվեք, ձեր վերջին մեկուկես տարվա պատմությունը նայեք»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը զգուշացրեց, որ արտաքին երաշխավորների հովանու ներքո գործելը կավարտվի քաղաքական աղետով։

«Եվ ասում եմ ու ասել եմ՝ այնտեղ, որտեղ մեր ժողովրդի պատմությունը դա է ցույց տվել, այնտեղ, որտեղ ներգրավված են եղել երաշխավորներ, դա ավարտվել է աղետով։ Եվ թույլ տվեք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմության գործունեությունը կապված է որոշ երաշխավորների տված երաշխիքների հետ։ Եվ, ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս անգամ, բարեբախտաբար ընդդիմության համար, երաշխավորների հովանու ներքո գործունեությունը ավարտվելու է քաղաքական աղետով մեր հարգելի ընդդիմադիր գործընկերների համար»,- շեշտեց գործադիրի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment