Կրեմլը հաստատել է Օլեշկիում իրականացված հումանիտար գործողության հաջողությունը և գոհունակություն հայտնել բոլոր մասնակից կողմերի, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմեններ Յանա Լանտրատովայի և Դմիտրի Լուբինեցի միջև առկա համակարգման բարձր մակարդակի կապակցությամբ։
«Մենք, իսկապես, կարող ենք հաստատել այս հումանիտար գործողության հաջող իրականացումը», – լրագրողներին ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք բարձր ենք գնահատում այն համակարգումը, որին հաջողվել է հասնել բոլոր մասնակիցների միջև՝ գործողության նախապատրաստման ընթացքում։ Մեծ ծավալի աշխատանք է կատարել մեր օմբուդսմեն Յանա Լանտրատովան։ Մենք նաև գնահատում ենք ուկրաինական կողմի նրա գործընկերոջ հետ համակարգման մակարդակը», – հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։
▪ Ռուսաստանը երախտագիտություն է հայտնում Միացյալ Նահանգներին, և հատկապես՝ Մելանյա Թրամփին՝ Օլեշկիում իրականացված հումանիտար գործողության հարցում ցուցաբերած աջակցության համար։
▪ Ներկայումս Օլեշկիի գործողությանը նման հումանիտար գործողություն իրականացնելու ծրագրեր կամ նախաձեռնություններ չկան։
▪ Համաշխարհային տնտեսական աճի կենտրոններն այլևս Եվրոպայում չեն, դրանք «հավաքական Հարավում են»։
▪ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում APEC-ի (Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն) գագաթնաժողովի շրջանակներում Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի հանդիպման ուղղությամբ. Մոսկվան ակնկալում է այդ հանդիպումը։
▪ APEC-ի գագաթնաժողովում Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի միջև հնարավոր եռակողմ հանդիպման վերաբերյալ դեռևս կոնկրետ մանրամասներ չկան։
▪ APEC-ի գագաթնաժողովի ընթացքում Պուտինի ծրագիրը դեռ մշակման փուլում է։
▪ Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցության հսկայական հնարավորություններ կան։ Իրենց հանդիպումների ժամանակ Պուտինն ու Սի Ծինփինը ավանդաբար մանրամասն քննարկում են երկկողմ հարաբերությունների վիճակը և անդրադառնում միջազգային իրավիճակ
▪ Ռուսաստանին Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու վերաբերյալ դեռևս ոչ մի պաշտոնական հրավեր չի ստացվել: Ռուսաստանի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը տեղին կլիներ։
▪ Կրեմլը, ինչպես և ամբողջ աշխարհը, հետևում է ԱՄՆ-ում ընթացող ընտրություններին, սակայն դրանք մնում են Միացյալ Նահանգների ներքին գործը։
▪ Կիբերհարձակումների սպառնալիքն աճում է, և բոլոր պետական գերատեսչությունները պետք է ուժեղացնեն իրենց ռեսուրսների պաշտպանությունը. այսպես է մեկնաբանել Պեսկովը Արտակարգ իրավիճակների նախարարության անունից իբր ուղարկված կեղծ «ծանուցման» դեպքը։
▪ Ռուսաստանի Դաշնության նախագահի կայքը ամեն օր բազմիցս ենթարկվում է հաքերային հարձակումների։