Դավթաշենում տնօրեն կինը դիմել է ոստիկանություն․ սկեսրայրն ու սկեսուրը փորձել են շանտաժով գումար կորզել

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում արտառոց դեպք է արձանագրվել․ 37-ամյա կինը, ով ընկերության տնօրեն է, դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ 2016 թվականից ի վեր բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից։ «Shamshyan.com»-ի հաղորդմամբ՝ ոստիկանություն ներկայացված ահազանգի համաձայն՝ ամուսնու ծնողները տարբեր եղանակներով փորձել են վարկաբեկել իրեն․ աղջիկներ են վարձել 42-ամյա ամուսնու հետ կապ հաստատելու համար, նրա հեռախոսահամարը փոխանցել են այլ անձանց, տարածել են պիղծ տեղեկություններ, ինչպես նաև սոցիալական ցանցերում հրապարակել են անչափահաս երեխայի տեսանյութը՝ վրան վարկաբեկող գրառումներով։

Բացի այդ, ըստ կայքի տեղեկությունների, ահազանգող կինը հայտնել է, որ սկեսուրը, սկեսրայրի միջոցով, հոկտեմբերի 12-ին և 13-ին իրենցից նախ պահանջել է 3 հազար, ապա՝ 6 հազար ԱՄՆ դոլար՝ սպառնալով չվճարելու դեպքում հրապարակել արատավորող տեղեկություններ։ Պահանջը չբավարարելուց հետո՝ հոկտեմբերի 21-ին, «Facebook» սոցիալական ցանցում արվել է նրանց արժանապատվությունը վիրավորող հրապարակում։ Դեպքի առթիվ ոստիկանության Դավիթաշենի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ հետագա ընթացքը որոշելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment