Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը, Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով ԱԺ պատգամավորների միջև հայտնի ծեծկռտուքին, որին անդրադարձել է նաև միջազգային մամուլը, խոսեց խուլիգանության հանցակազմի մասին, որը առկա է ՀՀ քրեական օրենսգրքում, կար նաև խորհրդային օրենսգրքում, և, նրա խոսքով, դեռևս անգլիական իրավունքից է գալիս: Փաստաբանի ձևակերպմամբ՝ խուլիգանության հիմնական բաղադրիչն այնպիսի վարքագիծ է, որով անթաքույց արհամարհանք ես դրսևորում հասարակական կարգի նկատմամբ:
«Դա կենցաղային վեճ չէ, երբ 2 հոգի վիճում են, բայց նաև հասարակական կարգ են խախտում, և դա անում են անթաքույց՝ հասարակական կարգի նկատմամբ արհամարհանքով, արդեն խուլիգանություն է: Իհարկե, խուլիգանությունն ունի այլ հատկանիշներ ևս՝ բռնության, ատելության շարժառիթ և այլն: Այն, ինչ տեսանք ԱԺ-ում, խուլիգանության հանցակազմ է, եթե դա ԱԺ-ից դուրս լիներ, այլ հանրային միջավայրում, օրինակ՝ Բաղրամյան պողոտայում, քրեական գործ կհարուցեին: Բայց մեր պատգամավորներն ունեն բազմաֆունկցիոնալ իմունիտետ (ծիծաղում է-Գ.Հ.), իրենց գործառույթների հետ կապված՝ իրավիճակն այնքան զավեշտալի է, ասում են՝ մենք դաս տվինք, այսինքն՝ մեր գործառույթների հետ կապված բռնություն ենք կիրառում:
Դեռ մեկ ամիս առաջ էթիկայի մշտական հիմունքներով գործող հանձնաժողով ընդունվեց, որի մասին շատ է խոսվում, բայց ի՞նչ էթիկա, այստեղ հանցավոր արարքի մասին է խոսքը: Հուսանք՝ այդ մարդիկ մի օր կհասկանան, թե ինչ մեծ վնաս են տվել ժողովրդին»,-ասաց Արա Ղազարյանը:
Ինչ վերաբերում է խտրականության հիմքով գործեր հարուցելուն, երբ, օրինակ, Փաշինյանի՝ ընդդիմադիրներին «սատկացնելու, կզացնելու» հայտարարությունների առթիվ որևէ վարույթ առկա չէ, սակայն նրա հասցեին քաղաքացիների հնչեցրած խոսքերը որակվում են խուլիգանություն, բռնությունը արդարացնելու կոչ, բռնությամբ իշխանությունը զավթելու կոչ և այլն, այս մասին էլ փաստաբանն ասաց՝ կրկին անդրադառնալով ԱԺ-ում կատարվածին. «Գլխավոր դատախազը դժվար թե գնա պառլամենտ ու ասի՝ քրեական գործ է հարուցվում: Իհարկե, իրավաբանորեն լուծումը հեշտ է, բայց սա քաղաքական միջավայրում կատարված հանցագործություն է, կլասիկ խուլիգանություն: Ի դեպ, լսեցի, որ մի փաստաբան գրառում է կատարել ֆեյսբուքում՝ քննիչներ և դատախազներ, ինչքան խուլիգանության գործ ունեք, կարճեք: Եվ շատ ճիշտ բան է ասել, որովհետև դրանից ավելի նվազ խստությամբ արարքների համար ինքը դատական գործեր կան: Ես բարեվարքության վերաբերյալ բազմաթիվ դասընթացներ եմ վարել, այնտեղ կետ կա. հանրային ծառայության 5 հիմնարար սկզբունքներից մեկը հանրային շահն է, դու պետք է առաջնորդվես հանրային շահով, իսկ եթե անձնապես վիրավորվում ես, չես կարողանում դա հաղթահարել, մի՛ գնա հանրային ծառայության: Եթե տղայական չգրված օրենքներով ես շարժվում, ուրեմն դուրս արի պառլամենտից, գնա փողոցային կանոններով նման հարցերը լուծիր»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: