Ապարանի ավագանու «Կարեն Եղիազարյան» խմբակցության անդամներից ոմանք կուսակցություն են փոխել՝ դառնալով «Գործարար»

Նոյեմբերի  29-ին, ի թիվս այլ համայնքների, համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ  կկայանան Արագածոտնի մարզի Աշտարակ ու Ապարան համայնքներում, իսկ մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի ու ավագանու ընտրություններ մարզի Արեւուտ ու Մեծաձոր համայնքներում։

Աշտարակ  համայնքում քաղաքական ուժերից հայտ է ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։ Նկատենք, որ 2021թ․ դեկտեմբերի 5-ին Աշտարակում կայացած ՏԻՄ ընտրություններին բացի ՔՊ-ից մասնակցել էին նաեւ ՀՅԴ-ն ու «Հայրենիք» կուսակցությունները։ Այս անգամ «Քաղաքացիական պայմանագրի» 81 հոգանոց ընտրացուցակը գլխավորում է Աշտարակի համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, որին  հաջորդում է համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Շանթ Վահանյանը։ Երկուսն էլ 37 տարեկան են։  Երրորդ հորիզոնականում ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության փորձագետ, 38-ամյա Մերի Մաթեւոսյանն է։ Երեք թեկնածուներն էլ «Քաղաքացիական պայմանագրից» են։  Աշտարակի ավագանու անդամների թիվը 27 է։

Ապարանում նույնպես մեկ ուժ՝ «Համերաշխություն» դաշինքն  է պայքարելու ավագանու 21 մանդատի համար։  Ինչպես Գորիսում, այստեղ նույնպես դաշինքի մեջ «Քաղաքացիական պայմանագիր» ու «Գործարար» կուսակցություններն են։ Ընտրացուցակը գլխավորում է Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը։ Երկրորդ հորիզոնականում համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Արկադի Կարապետյանն է։

Համայնքապետն ու տեղակալը նույն տարիքին են՝ 46 տարեկան ու անկուսակցականներ են։ Առաջին եռյակը սահմանափակում է «Միրաքի հ/դ» ՊՈԱԿ-ի մանկավարժ, ՔՊ-ական,  35-ամյա Մերի Մելքոնյանը։ Դաշինքի 63 հոգանոց ընտրացուցակում՝ 13 հոգի «Քաղաքացիական պայմանագրի» անդամ են, 13-ը՝ անկուսակցական, իսկ 32-ը «Գործարար» կուսակցության անդամ են։ Հիմնականում այս կուսակցությանը անդամակցել են Ապարանի համայնքապետարանի ու  համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցները։

Հետաքրքիր մի նկատառում եւս․ Ապարանի գործող ավագանու անդամներից ոմանք, որոնք «Կարեն Եղիազարյան» խմբակցությունից են, համալրել են «Գործարարի» շարքերը։ Նշենք, որ 2021թ․ դեկտեմբերին կայացած Ապարանի ավագանու ընտրություններում «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքը կազմել են «Արդար Հայաստան» ու «Քրիստոնեա Հայաստան» կուսակցությունները։ Այսպես, «Արդար Հայաստան»-ի անդամներ Արարատ Ավդալյանը, Արթուր Խալաթյանը, «Քրիստոնեա Հայաստան» -ի անդամներ Խաչիկ Գեղամյանը, Աղաբեկ Մանուկյանը, Վահան Մակարյանը լքել են իրենց կուսակցությունները՝ դառնալով «Գործարար»-ի անդամներ։ Նույն խմբակցության  անկուսակցական անդամներ  Դավիթ Ենոքյանը, Աղվան Երեմյանն ու Հովհաննես Սահակյանը արդեն  «Գործարար» կուսակցությունից են։

Հիշեցնենք, նոյեմբերի 29-ին ավագանու համամասնական ընտրակագրով ընտրություններ կլինեն Կապան, Բաղրամյան, Մեծամոր, Սևան, Սպիտակ, Ամասիա, Աշոցք,  Նոյեմբերյան համայնքներում։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment