Մետաքսե Հակոբյան. Մի՞թե միջատների պաշտպանությունն ավելի կարեւոր է, քան արցախցիների հումանիտար խնդիրների մասին խոսելը. «Հրապարակ»

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է. «COP17-ի շրջանակներում անցկացվող միջոցառումները սովորաբար այն բանի համար են, որ որոշ երկրներ կենսաբազմազանության քողի ներքո քաղաքական, դիվանագիտական, ինչպես նաեւ՝ հումանիտար հարցերի կարգավորումներ ունենան: Սա հրաշալի հնարավորություն էր մեզ համար՝ մի շարք կարեւոր հարցեր բարձրացնելու, եթե անգամ օրվա իշխանությունը վախվորած է, չի ցանկանում արցախցիների իրավունքների հետ կապված քաղաքական գնահատականներ հնչեցնել: Կարեւոր հնարավորություն էր հումանիտար խնդիրների մասին, այդ թվում` հայ ռազմագերիների հարցը բարձրաձայնելու: Մշակութային ժառանգության ոչնչացման խնդիրները նույնպես շատ կարեւոր են, ի վերջո` կարելի էր եւ պետք է խոսվեր մեր իրավունքների մասին: Այս իշխանությունը սարսափում է խոսել մեր իրավունքների մասին, այդ պարագայում կարող էին հենց արցախցիներին խոսքի հնարավորություն տալ: Մեր հասարակական ակտիվը, Արցախի հանրային խորհուրդը բավականին ակտիվ են: Նրանք կարող էին տարբեր հարցեր բարձրացնել, առանց որեւէ քաղաքական կոնտեքստի: Այդ ամենի խոչընդոտը, բնականաբար, ՀՀ իշխանություններն էին:

Օրինակ` Քենիայի ներկայացուցիչը, որն աշխարհում ճանաչված քաղաքական գործիչ է, ինձ նամակ գրեց, եւ մենք հանդիպեցինք, շատ կարճ ժամանակում ես պատմել եմ մեզ հետ կատարվածը` փաստերով, ցույց եմ տվել տեսանյութեր, նկարներ եւ այլն` 2023-ից, պատմեցի մեր հայ ռազմագերիների մասին, թե ինչպես են խոշտանգվում նրանք, խոսել եմ մեր մշակութային ժառանգության ոչնչացման մասին, ներկայացնելով ապացույցներ: Ասեմ, որ նա տեղյակ չէր այդ ամենից: Հավատացեք, կարճ ժամանակ անց նա ցանկություն հայտնեց այցելել Արցախի ներկայացուցչություն, տեղում ծանոթացավ, եւ մարդը լրիվ այլ տպավորություններով լքեց Հայաստանի Հանրապետությունը՝ խոստանալով, որ անպայման խոսելու է, բարձրաձայնելու է այս հարցերի մասին: Եթե ես միայնակ կարողացել եմ դա անել, պատկերացրեք, եթե դա արվեր իշխանության կողմից կամ նրանց աջակցությամբ: Գոնե չխոչընդոտեն, մենք մեծ արդյունքների կարող ենք հասնել: Անկախ Ադրբեջանի լկտի կեցվածքից ու քայլերից, մենք կարող ենք ճշմարտությունը ներկայացնելով աշխարհին` հասնել որոշակի արդյունքների: Ադրբեջանը խեղաթյուրում է իրականությունը, իսկ ՀՀ իշխանությունը նրանց աջակցում է այդ հարցում: COP17-ը կենսաբազմազանության մասին է, մի՞թե Արցախից բռնի տեղահանված ժողովուրդն արժեքավոր մասնիկ չէ աշխարհի համար: Մի՞թե միջատների պաշտպանությունն ավելի կարեւոր է, քան արցախցիների հումանիտար խնդիրների մասին խոսելը»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment