Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Երևանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների հետ հանդիպմանը քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը և առաջիկայում նախատեսվող բարեփոխումները։
Նույն օրը Յոհաննես Լուխներն այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետ, ծանոթացել կատարված աշխատանքներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի բոլոր՝ չորս հենասյունային ուղղություններով իրականացվող աշխատանքները՝ մասնավորապես օրենսդրական բարեփոխումները, կենսաչափական համակարգի ներդրումը, սահմանների համալիր կառավարման կատարելագործումը, ինչպես նաև միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտներում ռազմավարական փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր։
Կողմերը դրական են գնահատել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և կարևորել նախատեսված բարեփոխումների հետևողական շարունակականությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։