Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան է այցելել Փարիզի արվեստի և մշակույթի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորան լե Բոնը

Այսօր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան է այցելել Փարիզի արվեստի և մշակույթի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորան լե Բոնը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ:

Նրանց դիմավորել է ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը: Հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Էդիտա Գզոյանը նրանց ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ են լսել հատկապես Անատոլ Ֆրանսի և Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հայանպաստ գործունեության մասին:

ՀՑԹԻ տնօրենը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում դրված Ֆրանսիայի կողմից 2001 թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված կոթողը: Այնուհետև հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Լորան լե Բոն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment