Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործով հարցաքննվեց գործով վկա Գոհար Սարգսյանը։
Նա պատմեց, որ գործով տուժող Արամ Մկրտյանն իր մորաքրոջ որդին է։ Վերջինիս քրոջ հետ բնակվում են նույն շենքում և հարևաններ են։
«Արամի մայրը անընդհատ զանգում էր, ասում, որ տարբեր մարդիկ գալիս են ու անհանգստացնում Արամին։ Արամն էլ սկսել էր տուն չգնալ, գալիս էր քրոջ տանը մնում։ Այդ ընթացքում Արամի հեռախոսը քույրը վերցրեց, միասին սկսեցինք ուսումնասիրել և պարզվեց, որ Հովիկ Աղազարյանի հետ գործ ունի։
Ինչքանով տեղյակ եմ՝ ուզում էին դպրոց կառուցել, ներդրողներ էին եկել Գերմանիայից, գումար էին տվել, որոշակի թղթաբանություն պետք է արվեր, սակայն փաստաթղթերի ձևակերպումը ձգձգվել էր։ Այդ մարդիկ փոշմանել էին և ցանկանում էին գումարը հետ ստանալ։
Երբ սկսեցին շատ անհանգստացնել Արամին, նա տնից դուրս եկավ։ Պատահաբար հանդիպեցի Հայկին՝ մեկ այլ գործով, և պատահաբար ասացի այդ մասին։ Չէի ուզում, որ հարցը մեծ հնչեղություն ստանար, պարզապես կցանկանայի, որ ասեին՝ այդ հարցերը լուծի։ Հայկն ասաց՝ ես կօգնեմ, անձամբ Հովիկ Աղազարյանի հետ մտերիմ եմ։
Երկու օր անց Արաբկիրի շրջանում լսեցի, որ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում իմ անունն է տվել՝ ասելով, թե գնացել է Գոհար Սարգսյանի դեմ բողոք գրելու, իբր ես ասել եմ, որ նա ինձ 23 հազար դոլար է պարտք։ Բայց ես շեշտել էի, որ Արամն է ասում՝ իրեն 23 հազար դոլար է պարտք։
Հետո Հովիկ Աղազարյանի ձայնագրություններից պարզվեց, որ նա Արամի հետ ավելի վատ ձևով է խոսել, հայհոյել է։ Ինձ հրավիրեցին ՔՊ գրասենյակ։ Հերթը հասավ Արամին, որպեսզի նա օրով ու ժամով խոսի։ Վիճաբանություն եղավ, և հանդիպումն ավարտվեց։
Իմացա, որ պարտատերերը շատ էին գալիս, նեղություն տալիս Արամին, և նա հեռացել էր Հայաստանից։ Արամ Մկրտյանի և Հովիկ Աղազարյանի միջև խոսակցությունների ձայնագրությունները լսել եմ, այդ ամենը ներկայացվել է Քննչական կոմիտե»,- պատմեց վկան։
Հարցին, թե ինչի մասին էին խոսակցությունները, Գոհար Սարգսյանը պատասխանեց.
«Ասում էր՝ ինձ խեղդում են, ուզում են, գոնե մաս-մաս տուր։ Արամն ասում էր՝ մեքենաս եմ վաճառում, սա եմ վաճառում, կլինի՝ կտամ։ Հետո սկսեց ասել՝ ինձ տար, իրենց հետ ծանոթացրու, ես իրենց հետ խոսեմ։ Բայց այդ մարդիկ չէին համաձայնել, ասել էին՝ մենք ուրիշի հետ ի՞նչ գործ ունենք, քո հետ ենք գործ բռնել։ Արամն այդ ամենը փոխանցեց Աղազարյանին, և վերջում հասկացա, որ Աղազարյանն ասաց՝ չունեմ տալու»։
Գոհար Սարգսյանը հստակեցրեց, որ իրեն հայտնի է 23 հազար դոլարի պարտքի մասին, սակայն հավելեց.
«Ես այնտեղ եմ եղել՝ Արամի քրոջ տանը։ Տեսել եմ, որ Արամը եկել, քրոջից վերցրել է 300 հազար դրամ և ուղարկել Հովիկ Աղազարյանին՝ ասելով, որ կնունք է գնում»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: