«Արմենիա Ինշուրանս»-ը կաջակցի «Սյունիք» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան ծրագրերին

Սյունիքում ֆուտբոլի զարգացմանը նպաստելու նպատակով «Սյունիք» ֆուտբոլային ակումբի և «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Համագործակցության շրջանակում ընկերությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի ակումբի մանկապատանեկան ծրագրերին՝ նպաստելով երեխաների և պատանիների ֆուտբոլային կարողությունների զարգացմանը։

«Արմենիա Ինշուրանս» ընկերության և «Սյունիք» ֆուտբոլային ակումբի միջև այսօր ստորագրված հովանավորության հուշագիրը շատ կարևորում ենք մի քանի առումով։ Նախ՝ մենք մեր համեստ ներդրումն ենք ունենում Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գործում։ «Սյունիք» ֆուտբոլային ակումբն էլ արդեն առաջընթաց ունի բարձրագույն խմբում։ Վերջին խաղերում հաղթանակներ է տարել, և հույս ունենք, որ հաջողությունները շարունակական կլինեն, ու առաջիկա տարիներին ակումբը կհասնի եվրոպական մրցաշարերի»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Արմենիա Ինշուրանս» ընկերության գլխավոր տնօրեն Արման Դաղունցը։

Ֆինանսական աջակցությունից բացի՝ ընկերությունը նախատեսում է իրականացնել նաև «Ապահովագրված Սյունիք» ծրագիրը, որի շրջանակում ակումբի ֆուտբոլիստները, ակադեմիայի սաները, մարզիչներն ու աշխատակիցները հնարավորություն կունենան օգտվելու դժբախտ պատահարներից ապահովագրական պաշտպանությունից։

«Յուրաքանչյուր ապահովագրված անձի համար ապահովագրական ծածկույթը կկազմի շուրջ 2 մլն դրամ։ Ուրախ ենք, որ թեկուզ այս համեստ ներդրմամբ կարողանում ենք մասնակցել հատկապես «Սյունիք» ֆուտբոլային ակումբի հովանավորությանը»,- հավելեց Դաղունցը։

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը Սյունիքի մարզում մանկապատանեկան սպորտի զարգացմանն ուղղված խոշոր ծրագրերից է։ 2022 թվականից ակումբի գլխավոր հովանավորն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի նպատակներից է մարզում առողջ ապրելակերպի խթանումն ու սպորտի մասսայականացումը։

««Սյունիք» ֆուտբոլային ակումբը երկար տարիներ ԶՊՄԿ-ի կարևոր սոցիալական ծրագրերից մեկն է։ Այսօրվա դրությամբ՝ շուրջ 1000 երեխա ամբողջ մարզում՝ Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Ագարակ և Մեղրի համայնքներում, լիովին անվճար հիմունքներով զբաղվում է ֆուտբոլով։ Մինչ օրս, բացի ԶՊՄԿ-ից, ունեցել ենք մարզային մի քանի գործընկերներ, որոնք աջակցել են այս ծրագրին։ Այսօր շատ ուրախալի է, որ մեր գործընկերն է դառնում ամբողջ Հայաստանում գործունեություն ծավալող «Արմենիա Ինշուրանս»-ը, քանի որ կարևորում ենք, որ մեր սոցիալական ծրագրի նշանակությունը լինի ոչ միայն մարզային, այլև համապետական մակարդակում»,- ասաց ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, «Սյունիք» ֆուտբոլային ակումբի տնօրեն Վարդան Ջհանյանը։

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը 2026/2027 մրցաշրջանում առաջին անգամ հանդես է գալիս Հայաստանի Պրեմիեր լիգայում՝ երկրի ֆուտբոլային բարձրագույն մակարդակում։

Ակումբի մարզական կարևոր ձեռքբերումներից են տղամարդկանց թիմի՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում 2023/2024 մրցաշրջանում երկրորդ, իսկ 2024/2025 մրցաշրջանում՝ երրորդ տեղերը զբաղեցնելը։ «Սյունիք-աղջիկներ» թիմը 2024/2025 մրցաշրջանում դարձել է Կանանց Առաջին խմբի առաջնության չեմպիոն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment