Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը

Նոյեմբերի 29-ին կայանալիք Սպիտակ համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Քաջայր Նիկողոսյանը։
ՆԳՆ նախնական տվյալներով՝ համայնքն ունի 30,662 ընտրող։

Նիկողոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Նա սկսել է պաշտոնավարել 2021-ից։ Նիկողոսյանը նաև ՔՊ-ի Սպիտակի տարածքային խորհրդի նախագահն է։
Նիկողոսյանի վերաբերյալ ամենաշատ քննարկված պատմություններից մեկը 2025-ի նարդու առաջնությունն է։ Համայնքապետարանը կազմակերպել էր «Սպիտակ համայնքի ղեկավարի գավաթ» նարդու մրցաշարը, որին Նիկողոսյանն ինքն էլ մասնակցել էր, գրավել երրորդ տեղը և համայնքային բյուջեից ստացել 90 հազար դրամ մրցանակ։ Հետագայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավիճակը գնահատեց որպես շահերի բախում, և Նիկողոսյանը գումարը վերադարձրեց համայնքի բյուջե։

Դրանից առաջ՝ 2024-ին, «Ազատությունը» գրել էր, որ Նիկողոսյանը Սպիտակի օրվա առթիվ իրեն և համայնքապետարանի ևս 9 աշխատակցի պարգևատրել է ամսական աշխատավարձի 100 տոկոսի չափով։

Նրա ընտանիքի հետ կապված ևս մեկ լայնորեն լուսաբանված պատմություն վերաբերում է որդուն՝ Գոռ Նիկողոսյանին։ Վերջինս 2024 թվականին դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման՝ Սարամեջի վարչական ղեկավարի ամուսնուն ծեծելու և թեթև մարմնական վնաս պատճառելու համար։ Դեպքից հետո Գոռ Նիկողոսյանը նշանակվել էր «Հայփոստ»-ի Սպիտակի բաժանմունքի տնօրեն։

Բացի այդ, վերջերս Factor TV-ն գրել է Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի տնօրենի նշանակման շուրջ հնարավոր քաղաքական միջամտության մասին։ Մրցույթում մասնակցած Գոհար Վարդանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել է, որ ինքը մյուս թեկնածուից ավելի լավ արդյունք է ցույց տվել, սակայն համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը տնօրեն է նշանակել Անի Աբրահամյանին՝ դա, ըստ դիմումատուի, կապելով Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի և ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հնարավոր միջամտության, ինչպես նաև առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի աջակցության հետ։

Նյութում նաև ներկայացվում է, որ նշանակված թեկնածուն ճիշտ է պատասխանել հինգ հարցից երեքին, իսկ չնշանակվածը՝ բոլոր հինգին, սակայն երկուսն էլ հաղթահարել են մրցութային փուլը։

Համայնքապետարանը չի հիմնավորել, թե ինչ չափանիշով է վերջնական ընտրությունը կատարվել, իսկ Քննչական կոմիտեն հայտնել է, որ վարչապետի աշխատակազմից այս դեպքով հանցագործության մասին հաղորդում չի ստացել։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment