Լարիսա Ալավերդյան. «Եթե իշխանությունը իրեն այսպես է պահում, պատահական չէ, որ դանակով վեճերը մեզ համար դարձել են ամենօրյա իրողություն»

Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ հիշեցրեց, որ COP-17-ը դեռ չի ավարտվել։ Եվ դիմելով դրա սադրիչներին՝ ասաց. «Եթե գետինը մտնեք, ընդերքն եք փչացնելու։ Այդ կռիվները փողոցային մշակույթ են։ Եվ եթե ինչ-որ մեկը կա, որ դա արդարացնում է, դա անպայման պիտի քպական լինի։

Այդ բոլորը մի բան է։ Ուշադրություն դարձրեք։ Պատրաստվում է հերթական դավադիր քայլ։ Տարածքներ, սահմանադրություն, անկլավներ։ Տեսեք՝ ինչքան պրոբլեմներ կան։ Եվ այդ պրոբլեմները քողարկելու համար այդ զզվելի, խորշելի տեսարաններն են անում, որ ժողովրդի մեջ քննարկվի՝ ո՞վ հաղթեց, ո՞վ լավ զարկեց։ Վարչապետի պաշտոնը դարձավ խուլիգանական ինչ-որ մի ամբիոն։ Որովհետև այդ անձը, որն զբաղեցնում է այսօր վարչապետի պաշտոնը, ինքը գնահատում է, թե ով ում ինչպես խփեց։ Ավելին, ինքը ուզում է իր ձևով նսեմացնել ընդդիմությանը՝ ասելով՝ կռվի մեջ էլ մի բան չեն։ Մոռանո՞ւմ եք, որ դուք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում եք։ Ի՜նչ գործ ունեք դուք այդտեղ, որ այդպես էլ ձեզ պահեք։

Եթե մենք չենք տեսնում, որ այս ամբողջ խայտառակ, ամոթալի դրվագները զուտ շատ ցավալի նախերգանք են Հայաստանի, Հայաստանի ժողովրդի համար, ես ցավակցում եմ ձեզ։ Չգիտեմ, էլ ի՞նչ պետք է լինի։ Խոսքս նրանց մասին է, որոնք իրենց վեր են դասում ամեն ինչից և պլանավորված պասիվ են մնում այս ամեն ինչի մեջ՝ համարելով, որ դա իրենց արժանապատվությունից ցածր է։ Արժանապատվությունից ցածր միայն մի բան կա։ Դուք չեք պայքարում երկրի պահպանության, պաշտպանության համար։ Հայրենիք բառը խոսույթից հանվել է ու այսպես կոչված իրական, հնարածին խոսույթներ են շրջանառության մեջ դրվում։

Բազմիցս եմ ասել. եթե իշխանությունը իրեն այսպես է պահում, պատահական չէ, որ մենք անընդհատ լսում ենք, թե այս գյուղում, այս փողոցում, այս քաղաքում, այս վայրում ինչ է տեղի ունենում։ Դանակով վեճերը մեզ համար դարձել են ամենօրյա իրողություն։

Այս իշխանությունը սահմանադրությունը փոխում է ամեն օր, որովհետև սահմանադրությունը բանի տեղ չի դնում։ Ես կարդում եմ, որ ասում են՝ այսքան հեկտար հող վերադարձրել ենք։ Եթե ապօրինի է, հրաշալի է։ Բայց ինչո՞ւ Ադրբեջանի զավթած հեկտարներով հողը չեք վերադարձնում։ Ես ասում եմ՝ վերադարձրեք բոլոր այն հողերը, որ դուք հանձնել եք Ադրբեջանին։ Ցույց տվեք ինձ մեկ քառակուսի մետր, որի համար դուք այսօր պայքարում եք, որ վերադարձնեք»,- ասաց իրավապաշտպանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment