Քննարկվել են երիտասարդներին պետական կառավարման համակարգում ներգրավելու հնարավորությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում եղել են պետական կառավարման գործընթացներին երիտասարդների մասնակցության ընդլայնման և նրանց մասնագիտական զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծման հարցերը։

Հանդիպման ընթացքում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի արդյունքներն ու առանձնահատկությունները։ Դրանք ուղղված են պետական կառավարման համակարգում երիտասարդների ներգրավվածության բարձրացմանը, ինչպես նաև կամավորության և փորձնակության ինստիտուտների ամրապնդմանը։

Նախարարը մասնավորապես անդրադարձել է «Դարձիր կամավոր», «Բանավիճում են երիտասարդները», «Իրավունքի ամառային դպրոց» և այլ նախաձեռնություններին, որոնք երիտասարդներին հնարավորություն են տալիս ծանոթանալու պետական համակարգի աշխատանքներին, ձեռք բերելու գործնական գիտելիքներ և զարգացնելու մասնագիտական հմտությունները։

Սրբուհի Գալյանի խոսքով՝ այդ ծրագրերի հիմնական նպատակներից են պետական կառավարման ոլորտում երիտասարդների դերակատարության մեծացումը, նրանց կարողությունների կատարելագործումը և առկա ներուժի բացահայտումը։

Խորհրդակցության մասնակիցներն ընդգծել են, որ արդարադատության նախարարության փորձը կարող է կիրառվել նաև պետական կառավարման այլ մարմիններում։ Այս առումով կարևորվել է արդեն գործող նախաձեռնությունների ընդլայնումը և դրանց համակարգված բնույթ հաղորդելը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կամավորության և փորձնակության ինստիտուտների հետագա զարգացման, ինչպես նաև պետական կառավարման աշխատանքներում երիտասարդների մասնակցությունն ապահովող արդյունավետ մեխանիզմների մշակման վերաբերյալ։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կայուն և վերահսկելի համակարգի ձևավորմանը, որը հնարավորություն կտա երիտասարդներին ավելի ակտիվորեն մասնակցելու ինչպես համայնքային, այնպես էլ պետական նշանակության գործընթացներին։

Քննարկման մասնակիցները կարևորել են այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կխրախուսեն երիտասարդների նախաձեռնողականությունը և կմեծացնեն նրանց հետաքրքրությունը հանրային կառավարման նկատմամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կամավորության և փորձնակության ինստիտուտները երիտասարդների համար պետական կառավարման ոլորտ մուտք գործելու և համապատասխան փորձ ձեռք բերելու արդյունավետ հնարավորություններ են։

Կառավարության ղեկավարը շեշտել է, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է մշակել և իրականացնել համակարգային լուծումներ ու համապատասխան կարգավորումներ՝ ապահովելով նշված ինստիտուտների շարունակական զարգացումը։

Խորհրդակցության ավարտին Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ քննարկված ուղղություններով հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով։

Leave a comment