«Նախ ասեմ, որ Հայաստանի հավաքականը ուժեղագույններից մեկն է աշխարհում եւ մեր հավաքականի տղաները միշտ էլ նշաձողը շատ բարձր են դնում։ Ես նույնպես։ Ու յուրաքանչյուր մրցման գնում եմ ամենամեծ ակնկալիքով։
Անցկացրի հինգ գոտեմարտ։ Բայց ամենաբարդը, թերեւս, կիսաեզրափակչում մեր հայրենակից, Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի հետ գոտեմարտն էր, որին հաղթեցի 12։4 հաշվով։ Եվ եզրափակիչը, որում 8։4 հաշվով պարտության մատնեցի ադրբեջանցի ըմբիշին։ Հաղթանակներիս մարտավարությունը, որ իմ առջեւ դրել էին մարզիչները, այն էր, որ գորգում վարեմ հարձակվողական գոտեմարտ եւ օգտագործեմ իմ ուժեղ կողմերը։
Հետագայում ծրագիրս է՝ ավելացնել ու լավացնել գոտեմարտելու որակներս եւ պահպանել ոսկին»,- վերլուծելով իր գոտեմարտերն աշխարհի առաջնությունում՝ ասաց նորընծա չեմպիոն Կարեն Ասլանյանը։
Եզրափակչում Ադրբեջանի ըմբիշի նկատմամբ տարած հաղթանակի մասին հարցին սկզբում պատասխանեց գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։ «Նախանցած տարի Ալբանիայում աշխարհի առաջնությանը Կարենը պարտվել էր այդ մարզիկին, որը տարբեր քաշային կարգերում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է եղել։ Այն ժամանակ էլ Կարենը հաղթում էր, բայց շատ կոպիտ սխալ թույլ տվեց։ Բնականաբար, մենք անգիր գիտենք իրենց, իրենք անգիր գիտեն մեզ, թե ով հնարքների ինչ պոտենցիալ ունի։ Այս անգամ մենք մարզիչներով որոշեցինք մի ուրիշ մարտավարություն ընտրեցինք։ Եզրափակիչները երեկոյան են։ Մենք մարզիչներով՝ ես, Սամվել Գեւորգյանը, Գեւորգ Ալեքսանյանը, ճաշից հետո ըմբիշներին անհատական հրավիրեցինք, նայեցինք բոլոր տեսանյութերը։ Կոնկրետ Կարենի հետ գտանք այն բանալին, որով կարող էինք հաղթել։ Բայց կներեք, այդ գաղտնիքը բացեիբաց չեմ կարող ասել։ Ընդամենն ասեմ, որ բոլորն էլ բանալին գտնում են, մարզիչները հանձնարարում են, թե ինչ պետք է անել։ Կարեւորը, որ մարզիկը կատարի։ Եվ ուրախ եմ, որ Կարենը մինչեւ վերջին վայրկյանը կատարեց այն, ինչ հանձնարարել էին մարզիչները եւ այն, ինչն ինքն իր դեմ դրել էր»։
Հարցին, թե ընդհանրապես մրցումների ընթացքում ադրբեջանցիների հետ շփումն ինչպե՞ս է լինում, գլխավոր մարզիչը պատասխանեց. «Առանձնապես շփում չկա։ Միայն գորգի վրա՝ կամ հաղթում ենք, կամ պարտվում ենք։ Բայց եղել է, որ մարզիկներն իրենց այլանդակ են պահել։ Օրինակ, նրանցից մեկը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Կարապետ Մանվելյանին նախ մաքուր պարտվեց, ապա հարվածեց մեր ըմբիշին այն կարգի, որ ես ուզում էի մտնել գորգ։ Իրենց մարզիչներն ինձ ասացին՝ դու գործ չունես, մենք ինչ պետք է, կանենք։ Ըմբիշը ինձ էլ բարեւ չտվեց։ Իրենց մարզիչները բերեցին, ստիպեցին, որ ինձ բարեւ տա։ Պարտվե՞լ ես, բարեւ տուր, հաղթե՞լ ես, էլի բարեւ տուր։
Իսկ այս մի մարզիկը իրեն նորմալ դրսեւորեց պարտությունից հետո։ Սա սպորտ է։ Սպորտում մեկը պետք է հաղթի, մեկը՝ պարտվի։
Իրենց գլխավոր մարզիչը հիմա, եթե չեմ սխալվում, Իրանի նախկին գլխավոր մարզիչն է, որի հետ ես շատ մտերիմ հարաբերությունների մեջ եմ։ Միասին աշխատել ենք Իրանում։ Նա եկավ, ձեռքը մեկնեց ու ինձ շնորհավորեց»։
Իսկ Կարեն Ասլանյանը նշեց, որ 2024 թվականին նույն ադրբեջանցուն պարտվելուց հետո այստեղ իր մոտիվացիան ոչ թե ռևանշի հասնելն էր, այլ ոսկե մեդալը նվաճելը ու կատարել այն առաջադրանքները, որն ստացել էր։ «Կարծում եմ, այդպես ավելի ճիշտ է»,-ասաց աշխարհի չեմպիոնը։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գեւորգ Թադեւոսյանը նշեց, որ իր 87 կգ քաշային կարգը համարվում է ուժեղներից մեկը։ «Ես շատ լավ էի տրամադրվել։ Ամենից ավելի տպավորվել եմ իմ առաջին գոտեմարտով, որովհետեւ ռուս ըմբիշը ուժեղ մրցակից էր։ Սկզբում գոտեմարտը վատ ընթացք ստացավ, բայց փառք Աստծո, կարողացա կորցրածը հետ բերել եւ հաղթել։ Երկրորդը տեղի ըմբիշ էր՝ ղազախստանցի, որի հետ գոտեմարտում լարվածություն չունեի։ Իսկ կիսաեզրափակչում իրանցու հետ, ինչպես ասում են, թարս ստացվեց։ Թույլ տվեցի սխալներ, զիջեցի ու չկարողացա դուրս գալ եզրափակիչ։ Իսկ արդեն բրոնզի համար թիմի տղաների աջակցությամբ կարողացա տրամադրվել, իսկ մարզիչների ցուցումները կատարելով կարողացա գոտեմարտը հասցնել մինչեւ վերջ ու հասնել հաղթանակի»,-ասաց Գեւորգ Թադեւոսյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: