Aravot.am-ը փորձեց ԳԱԱ պատմության ինստիտուտից տեղեկանալ՝ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտխորհրդում արդյոք ամիսներ առաջ քննարկել են Կադաստրի կոմիտեի հովանավորությամբ էլեկտրոնային քարտեզ ստեղծելու հարցը, որտեղ պիտի ցույց տրվեին Հայաստանի բնակավայրերի նախկին անուններն ու ովքեր են այդտեղ բնակվել։ Թեև ինստիտուտը մամուլում եղած հրապարակումների վերաբերյալ հերքում է տարածել, բայց հերքման տեքստի մի մասով հաստատվում է, որ այդպիսի քննարկում իրականում եղել է։
Նաև հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է արդյոք, որ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր հետո թուրքական անուններով տեղանունների հարցը նորից բերվել է գիտխորհուրդ, հաստատվել, նույնիսկ թեմատիկ ֆինանսավորման հարց է լուծվել, հաստատվել է մի թեմա, որի նպատակը Հայաստանում մահմեդականների ու թուրքերի հաստատման պատմությունը միջնադարից սկսած ուսումնասիրելը պիտի լինի։
Ինստիտուտի գիտքարտուղար Հակոբ Մուրադյանը նախ հեռախոսով փոխանցեց, որ հեռավար են աշխատում, և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Համո Սուքիասյանն ու փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը տեղում չեն։ Ապա ասաց. «Ես տեղյակ չեմ, մեզ մոտ նման հարց չի քննարկվել, նման բան գոյություն չունի, մենք տվել ենք պարզաբանում, որը մեր կայքում դրված է»։
Մեր դիտարկմանը, որ ինստիտուտի պարզաբանման մեջ չի հերքվում, որ եղել է գիտխորհրդի քննարկում, Հակոբ Մուրադյանը կրկին շեշտեց, որ իրենց վերջնական ասելիքն այդ պարզաբանման մեջ է։ Մյուս հարցերի վերաբերյալ էլ ասաց, որ առաջին անգամ է լսում։
Պատմության ինստիտուտից զրուցակիցները, որ ցանկացան իրենց անունները չհրապարակենք, փոխանցել էին, որ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր հետո թուրքական անուններով տեղանունների հարցը նորից բերել են գիտխորհուրդ ու հաստատել։ Գտել են հեշտ ձև, պետական ուրիշ կառույցից ստացել են Գիտության կոմիտեի թեմատիկ ֆինանսավորման ծրագիր բերելու երաշխիք, հաստատել նախագիծն ու ուղարկել նախարարություն։ Մեր զրուցակիցները պնդում են, որ նիստից հետո ամբողջ ակադեմիան քննարկում էր, թե ոնց են հաստատել մի թեմա, որի նպատակը Հայաստանում մահմեդականների ու թուրքերի հաստատման պատմությունը միջնադարից սկսած ուսումնասիրելը պիտի լինի։ Ծրագիրը պիտի ուսումնասիրի նաև տեղանունների թրքացման պատմությունը։ Զրուցակիցներից մեկի խոսքով` սա դառնալու է ադրբեջանական նարատիվները հայ պատմաբանների ձեռքով դակելու գործիք, և զարմանալի չի այս իշխանությունների կողմից պետական ֆինանսների տրամադրումը հետազոտական խմբին։
Նկատենք, որ Պատմության ինստիտուտի պարզաբանման մեջ նշվում է, որ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Նպատակային ծրագրեր -2027» մրցույթին հայտեր ներկայացնելու հարցը քննարկվել է գիտխորհրդի նիստում. «Հաշվի առնելով, որ Պատմության ինստիտուտում տասնամյակներ շարունակ իրականացվում են Հայաստանի բնակավայրերի պատմությանը նվիրված հետազոտություններ և առկա է համապատասխան գիտական ներուժ, առաջարկվել է պատրաստել գիտահետազոտական ծրագրի հայտ և մասնակցել «Նպատակային ծրագրեր-2027» մրցույթին՝ նպատակ ունենալով կատարել համապարփակ ուսումնասիրություն ՀՀ բնակավայրերի պատմության վերաբերյալ։ Առաջարկվել է ծրագիրն իրականացնել ՀՀ Կադաստրի կոմիտեի հետ համագործակցությամբ, քանի որ հետազոտության արդյունքները կարող էին օգտագործվել Կադաստրի կոմիտեի պատրաստած ՀՀ Ազգային գեոպորտալի «Աշխարհագրական անվանումների պետական քարտադարան»-ի տվյալներն առավել ամբողջական դարձնելու նպատակով:
Նախատեսվել է ծրագրում ընդգրկել ոչ միայն Պատմության ինստիտուտի, այլև գիտահետազոտական այլ հաստատությունների մասնագետներին։ Քննարկված գիտական ծրագիրը պատրաստված, առավել ևս՝ պարտադրված չի եղել Կադաստրի կոմիտեի կողմից: Ինչ վերաբերում է բնակավայրերի «հին անուններին», ապա ոլորտին ծանոթ յուրաքանչյուր պատմաբան գիտի, որ Հայաստանի հնագույն տեղանունները հայկական են, որովհետև Հայկական լեռնաշխարհում հազարամյակներ շարունակ ապրել և սեփական ուրույն քաղաքակրթությունն են կերտել հայերը։ Առաջարկվող ծրագրի նպատակը լինելու էր այս հանգամանքի շեշտադրումը»։
Մեր տեղեկություններով՝ գիտխորհրդում գիտակցում են, որ դա «Արևմտյան Ադրբեջանի» քարտեզ կարող էր դառնալ։ Ինչ վերաբերում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանի ձերբակալությանը, ենթադրվում է, որ դա կարող էր կապված լինել այս գործի հետ, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, Մինասյանը ինստիտուտի գիտխորհրդի նիստին դեմ է արտահայտվել նախագծին, բացի դրանից, նա պաշտպանում է բուհերում հայոց պատմությունը դասավանդելու պահանջը։
Ինչ վերաբերում է այն թեմային, որի նպատակը Հայաստանում մահմեդականների ու թուրքերի հաստատման պատմությունը միջնադարից սկսած ուսումնասիրելը պիտի լինի, այն մտահոգել է պատմաբաններին, քանի որ այդ ծրագիրը պիտի ուսումնասիրի տեղանունների թրքացման և ադրբեջանական նարատիվների տարածման հնարավորությունը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
ԳԱԱ պատմության ինստիտուտի նկարը՝ Վիքիպեդիայից
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: