Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ

Բաժանորդագրվել

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ միավորման երկրների միջև ապրանքաշրջանառությունն արդեն հասել է 1,2 տրլն դոլարի:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ԲՐԻԿՍ-ը դարձել է համաշխարհային տնտեսության առանցքային շարժիչներից մեկը. գնողունակության պարիտետի հաշվարկով միավորմանը բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 40%-ը և համաշխարհային առևտրի 23%-ը։ ԲՐԻԿՍ գործարար միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ միավորման երկրների միջև ապրանքաշրջանառությունն արդեն հասել է 1,2 տրլն դոլարի:

«Այսօր ԲՐԻԿՍ-ը համաշխարհային տնտեսական աճի շարժիչ ուժն է», – ընդգծել է Լավրովը:

Նախարարը նշել է, որ չնայած աշխարհաքաղաքական անկայունությանը, համաշխարհային մեծամասնության պետությունները մեծ հետաքրքրություն են պահպանում տնտեսական և այլ կապերի ընդլայնման նկատմամբ: Այդ կապակցությամբ նա կոչ է արել ավելի ակտիվ օգտագործել միավորման ներսում համագործակցության ներուժը։

Լավրովը նաև հիշեցրել է արտաքին ցնցումներին դիմակայող միջազգային հաշվարկների մեխանիզմների ստեղծման և նոր ներդրումային հարթակի գործարկման ռուսական նախաձեռնությունների մասին: Ենթադրվում է, որ այն կնպաստի ԲՐԻԿՍ-ի, գլոբալ հարավի և արևելքի երկրների տնտեսության գերակա ճյուղերում կապիտալի ներգրավմանը։

ՌԴ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք համաժողովը թույլ կտա ամրապնդել առկա գործարար կապերը և նոր կապեր հաստատել միավորման երկրների ներկայացուցիչների միջև:

Leave a comment