«Հայաստանի մշակութային հիմնադրամ»-ի նախագահ Մանուկ Նիգոյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի բան պատմեմ։
Նախ կարևոր եմ համարում Ձեզ հայտնել, որ այժմ Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Երեմյանը եղել է փոխտնօրենն այն դպրոցի, որտեղ ես սովորել եմ՝ Կոջոյան կրթահամալիրի։
Ի դեպ, տիկին Երեմյանի հետ փոխադարձ հարգանքի և սիրո վրա հիմնված մեր հարաբերություններն այսօր էլ շարունակվում են։
Դպրոցական տարիներին, ուրեմն, երբ արդեն ավագ դասարանում էինք, երևանյան դպրոցին բնորոշ սովորական մի տղայական վիճաբանություն տրամաբանորեն վերածվել էր քաշքշուկի, նաև աթոռներ ու սեղաններ էին թևեր առած բարձրացել երկինք։ Պարզ է նաև, որ դրանք վնասվել էին։ Տիկին Երեմյանը, որը, պետք է ձեզ ասեմ, բավական խարիզմատիկ, ինքնատիպ կին է, նաև իրեն բնորոշ կոլորիտային բառապաշարով, գլխներիս մեզ արժանի քարոզ կարդալուց հետո մի շատ կարևոր դիտողություն արեց, որ մինչև հիմա զրնգում է ականջներումս։ Խոսքն այն մասին էր, թե ինչպես ենք մեզ իրավունք վերապահել վնասել պետական գույքը, որը ոչ մեր հոր տնից ենք բերել, ոչ մոր, թեև սկզբունքորեն դա գրեթե նույն բանն է՝ բացառությամբ բաժանված ծնողներ ունենալու դեպքերի։ Մեր դասարանի գույքն, ի դեպ, մեր դասարանի Էլենի հոր տնից էինք բերել, նրանց ընտանիքի նվերն էր։
Այսքան տարի անց այդ դասն ուղեկցում է ինձ, և դպրոցն ավարտելուց հետո, բազմիցս աշխատելով պետական տարբեր կազմակերպություններում, ինձ վստահված գույքն օգտագործելիս մշտապես մտաբերել եմ այդ խոսքերը։
Երեկ ԱԺ-ում տեղի ունեցած սոսկալի միջադեպի ժամանակ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որն, ի դեպ, հայտնի է մարզասրահից պարբերաբար հրապարակվող տեսագրություններով, վերցնում է պետական գույք հանդիսացող աթոռն ու նետում ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ։ Ես գնումների մասնագետ չեմ, բայց կարող եմ ենթադրել, որ այդ աթոռն արժե մոտ 80-ից 120.000 դրամ, եթե ոչ ավելի։ Հայաստանում գրադարանավարի աշխատավարձը ևս 80.000 դրամ է, և ես անկեղծորեն և առանց հետին ակնարկների ուզում եմ տիկին Երեմյանին հարցնել՝ արդյո՞ք նա Վահագն Ալեքսանյանին նույնպես տվել է այդ դասը։ Ես և պրն. Ալեքսանյանը գրեթե հասակակիցներ ենք, և տիկին Երեմյանը ոչ միայն անցած ճանապարհով, ոչ միայն իր գիտելիքներով, այլ նաև իր տարիքով է իրավասու խրատել նրան։
Կամ արդյո՞ք ժողովրդից գողացված գույքը ժողովրդին վերադարձնելու արշավ սկսած Նիկոլ Փաշինյանը Վահագն Ալեքսանյանին հարցրել է. «Եղբայր, էդ աթոռը ոչ հորդ տնից ես բերել, ոչ մորդ, ի՞նչ իրավունքով էիր այն նետում որևէ հայ մարդու, տո ընդհանրապես որևէ մարդու ուղղությամբ»։
Դուք արդարացիորեն կմտածեք, որ ես էդ հսկայական ու ամոթալի միջադեպը թողած՝ աթոռի վրա եմ կենտրոնացել, իսկ ես կուզեմ ընդգծել, որ երեսպաշտության, պատեհապաշտության, կողմնապահության և այլ պաշտությունների հիմքում հենց այսպիսի դրսևորումներն են, երբ միևնույն հանցանքի համար մեկին կարող ենք հայհոյել, դատել, հաշվեհարդար տեսնել, մյուսին՝ հերոսացնել, փառաբանել, հիանալ։
Հիշեցնեմ, որ պետական գույքի վնասումը Հայաստանի Հանրապետության օրենքներով, կախված դրա չափից, համարվում է իրավախախտումից մինչև հանցագործություն։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: