Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը

Իտալական «Միլանի» և «Ինտերի» նոր մարզադաշտը, որը կփոխարինի «Սան Սիրոյին», կկոչվի «Ջեներալի Սթեդիում» (Generali Stadium): Բացման արարողությունը նախատեսված է 2031/32 մրցաշրջանում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Մարզադաշտի անվանման իրավունքները ձեռք է բերել իտալական Assicurazioni Generali ապահովագրական ընկերությունը։ Football Italia-ի տեղեկություններով՝ պայմանագիրը կնքվել է 25 տարով և երկու ակումբներին կբերի շուրջ 650 միլիոն եվրո՝ տարեկան մոտ 26 միլիոն եվրո։

Միևնույն ժամանակ, եվրագավաթային հանդիպումների ժամանակ ստադիոնը կունենա «Միլանո Սթեդիում» (Milano Stadium) անվանումը՝ առանց հովանավորի հիշատակման։

Նոր մարզադաշտը կհյուրընկալի 71,5 հազար հանդիսական։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2028 թվականին։

Արենան կլինի երկու միլանյան ակումբների տնային մարզադաշտը և կփոխարինի «Սան Սիրոյին», որտեղ այժմ «Միլանն» ու «Ինտերը» անցկացնում են տնային հանդիպումները։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment