«Տհաճ տեսարան էր։ Չպիտի լիներ»․ Անդրանիկ Գեւորգյանը՝ երեկվա ծեծկռտուքի մասին

«Տհաճ տեսարան էր։ Չպիտի լիներ։ Մենք պիտի պահենք բոլոր նորմերն ու սահմանները, չպիտի թույլ տանք, որ մեր հայրենակիցները ականատես լինեն այդպիսի տեսարանների»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։

Երեկ խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում նա վնասվածքներ էր ստացել․ քթից արյուն էր հոսում։ Անդրանիկ Գեւորգյանն ասաց, որ շտապ բուժօգնությունն իր համար չէր կանչվել, իր հետ ամեն ինչ նորմալ էր։

«Նման դեպքերը, որ լինում են, անցնում են, անցնում ենք բնականոն աշխատանքի։ Կրկնվելու դեպքում ո՞նց կլինի արձագանքը, այդ տեսակ էլ կլինի պատասխանը։ Տեղի ունեցավ այն, ինչ որ տեղի ունեցավ, թե ո՞վ էր դա սադրել և ոնց դա տեղի ունեցավ, բոլորը դրան ականատես եղան, բոլորը դա տեսան, թե ինչից սկսվեց ու ինչպես սկսվեց։ Դրա մասին արդեն մեր խմբակցության ղեկավարը դիրքորոշում հայտնել է, ես կիսում եմ խմբակցության ղեկավարի դիրքորոշումը»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ պատասխանելով հարցին՝ կարծում է Նիկոլ Փաշինյա՞նն էր հրահանգ տվել իշխող ուժի պատգամավորներին՝ ծեծկռտուք սկսել։

Այլ մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ ԱԺ–ում երեկ ծեծկռտուք տեղի ունեցավ ՔՊ–ի եւ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների միջեւ։ Իրավիճակը լարեց ՔՊ–ական Տարոն Չախոյանը, որի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց խորհրդարանում։ Լեզվակռիվը վերածվեց ծեծկռտուքի։ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ։ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր գալիս, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված էր։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը մի քանի րոպե հետեւում էր ծեծկռտուքին, հետո ընդմիջում հայտարարեց՝ ներս հրավիրելով անվտանգության աշխատակիցներին։ Պատգամավորները վիճաբանությունը շարունակեցին միջանցքում։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment