Ռուբինյանը չբացառեց ՀՀ նոր Սահմանադրության հարցով Ադրբեջանի հետ քննարկումները

https://arm.sputniknews.ru/20261030/rubinjany-chbacarec-hh-nvor-sahmanadrutjan-harcvov-adrbejani-het-qnnarkumnery-108690333.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108654303_89:0:1512:1067_1920x0_80_0_0_38c22b2d5ce63a3d942c35aff53044c5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուբեն ռուբինյան, սահմանադրություն, հանրաքվե, ընդդիմություն

ռուբեն ռուբինյան, սահմանադրություն, հանրաքվե, ընդդիմություն

Բաժանորդագրվել

ԱԺ նախագահն ընդդիմությանն առաջարկեց նոր Սահմանադրության նախագծին դեմ լինելու դեպքում էլ Ազգային ժողովում ապահովել հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ ձայները, իսկ դրանից հետո «Ոչ»–ի ճամբար ստեղծել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունները չեն բացառում, որ նոր Սահմանադրության ընդունման և հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման փոխկապակցվածության վերաբերյալ ընդդիմության բարձրացրած հարցերի պատասխանները կփորձեն ստանալ նաև Ադրբեջանից։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ճշտող հարցին՝ արդյոք պատասխանները պետք է ստացվեն Ադրբեջանից, ԱԺ նախագահը պատասխանեց. «Բոլո՛ր տեղերից։ Բոլոր, բոլո՛ր տեղերից»։

Ռուբինյանի խոսքով՝ իշխանությունները լեգիտիմ են համարում ընդդիմության բարձրացրած հարցերը և անհրաժեշտ են համարում դրանց պատասխանները ստանալը, քանի որ դրանից կարող են կախված լինել հետագա զարգացումները։

«Մենք հանգել ենք մի կետի, երբ ընդդիմությունը փոխկապակցել է Սահմանադրության հարցը խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ։ Այդ փոխկապակցման համատեքստում հարցեր է բարձրացրել դրանից հետո հնարավոր իրավիճակների վերաբերյալ։ Սրանք հետաքրքիր հարցեր են, և տեսականորեն կարող է այս հարցերի պատասխաններից բխել նաև որոշակի հանգուցալուծում։ Կարող է բխել, կարող է չբխել»,– նշեց Ռուբինյանը։

ԱԺ նախագահը հերքեց, թե նոր Սահմանադրության ընդունման հարցն իշխանությունների համար փակուղի է մտել։ Նրա խոսքով՝ քանի դեռ քննարկվում են տարբեր սցենարներ, իրավիճակը փակուղային համարել չի կարելի։

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հայտարարությանը, թե ընդդիմությունը դեմ է քվեարկելու «ալիևյան Սահմանադրությանը», Ռուբինյանը պնդեց, որ Հայաստանում նման Սահմանադրություն ընդունելու մտադրություն չկա։

«Տրամաբանական է, որ ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան Սահմանադրությանը, ուղղակի մի փոքրիկ նրբություն կա՝ Հայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան Սահմանադրություն։ Հայաստանում առաջարկ կա, և այն կհրապարակվի տեքստի ձևով… Ընդունել նոր Սահմանադրություն, որը կլինի հայկական Սահմանադրություն՝ քվեարկված Հայաստանի ժողովրդի կողմից»,– հայտարարեց նա։

ԱԺ խոսնակը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելուն, շեշտեց` խոսքը գործող Սահմանադրության փոփոխության մասին չէ, այլ ամբողջությամբ նոր Սահմանադրություն գրելու։

«Հռչակագիրը հնարավոր չէ հանել Սահմանադրությունից, ոչ էլ հղումը, այն պարզ պատճառով, որ Սահմանադրության տեքստում ոչինչ չկա, որովհետև նոր Սահմանադրություն է գրվում` զրոյից»,– ասաց ԱԺ նախագահը։

Ռուբինյանը միաժամանակ առաջարկեց, որ ընդդիմադիր պատգամավորները, նույնիսկ նոր Սահմանադրության նախագծին դեմ լինելու դեպքում, Ազգային ժողովում ապահովեն հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ ձայները, իսկ դրանից հետո քարոզեն դրա ընդունման դեմ։

«Ի՞նչն է խանգարում իրենց բավարար ձայն տալ Ազգային ժողովում տեքստին տեխնիկապես, որպեսզի ժողովուրդը որոշի։ Եթե դա շատ վատ Սահմանադրություն է, թող տան հնարավորություն, որպեսզի ժողովրդի դատին հանձնենք։ Թող իրենք գլխավորեն «Ոչ»-ի շտաբը»,– ասաց նա։

ԱԺ նախագահը շեշտեց, որ ընդդիմությունն իրավունք ունի մերժելու նախագիծը, սակայն ինքն անտրամաբանական է համարում այն մերժելը՝ առանց տեքստին ծանոթանալու։

ԱԺ նախագահը չբացառեց, որ հանրաքվեում նոր Սահմանադրության մերժումը քաղաքական հետևանքներ ունենա իշխանության համար։ Նա հիշեցրեց 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ նշելով, որ այդ ժամանակ իշխանությունը, չնայած խորհրդարանական մեծամասնություն ունենալուն, որոշել էր քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը վստահել ընտրողներին։

Միաժամանակ Ռուբինյանը հստակեցրեց, որ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի՝ խորհրդարանում ներկայացրած սցենարը, որով ընդդիմությունը կարող է աջակցել հանրաքվեի անցկացմանը, իսկ Սահմանադրության մերժման դեպքում իշխանությունը կարող է հրաժարական տալ, նախապես համաձայնեցված առաջարկ չի եղել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց. իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց` եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։

Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։

Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։

Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետը խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։

Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։

Leave a comment