ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին լրագրողներն այսօր դարձյալ հարց ուղղեցին երեկ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպի մասին։
ԱԺ նախագահի խոսքով՝ եթե երեկ ընդդիմադիրները չսկսեին, ամեն ինչ շատ լավ կլիներ, սակայն տեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրա։
«Եթե սկսեն, կլինի՝ ոնց եղավ երեկ»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ կապված Սահմանադրության փոփոխությունների հետ, ապա լրագրողների հարցին՝ արդյոք դրա վերաբերյալ քննարկումը պետք է լինի Ադրբեջանի հետ, նա պատասխանեց՝ քննարկումը պետք է լինի ընդհանուր։
«Այսինքն՝ ընդդիմությունը բարձրացրել է հարցեր, մենք համարում ենք, որ նախ՝ լեգիտիմ հարցեր են, նաև համարում ենք, որ տրամաբանական կլինի փորձել ստանալ այդ հարցերի պատասխանները, որովհետև ի վերջո այդ հարցերի պատասխաններից են նաև կախված հետագա զարգացման սցենարները»,– նշեց ԱԺ նախագահը։
Ճշտող հարցին՝ որտեղի՞ց ստանալ պատասխանները, Ռուբինյանն ասաց՝ բոլոր տեղերից։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք իրավիճակը նոր Սահմանադրության մասով փակուղային է իշխանության համար, իսկ նա ասաց՝ եթե փակուղային լիներ, ո՞նց էինք ունենալու այս խոսակցությունը։
«Եթե հենց այս խոսակցությունը մենք ունենում ենք, ուրեմն փակուղային չէ։ Փակուղին այն է, որ էլ ոչ մի սցենար չի քննարկվում»,- նկատեց նա։
Ինչ վերաբերում է ընդդիմության, մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հայտարարությանը, թե ինչ առաջարկ էլ ներկայացնի Նիկոլ Փաշինյանը, ընդունելի չի լինի իրենց համար, նա ասաց. «Նարեկ Կարապետյանը, կարծում եմ, բանական անձնավորություն է, և ինքը չի կարող ի բնե մերժել որևէ առաջարկ, որն ինքը չի լսել։ Համենայն դեպս, շատ տարօրինակ կլինի, եթե այդպես լինի։
Ուզում եմ հիշեցնել, որ «Ուժեղ Հայաստանի» մեր գործընկերները տարբեր պնդումներ են արել։ Իրենք ասել են, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի հաջորդ վարչապետն է։ Հետո պարզվեց, որ նա Հայաստանի հաջորդ վարչապետը չէ»,– ասաց ԱԺ նախագահը՝ հիշեցնելով, որ նրանք ասել են նաև, որ եթե ՔՊ-ն հաղթի, 300 հազար ադրբեջանցի կգա Հայաստան։