Քրեական հեղինակություն համարվող Ռուստամ Ստեփանյանը՝ Չաղ Ռուստամը, որը մեղադրվում է քրեական հեղինակություն համարվող «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի, սպանության կազմակերպման գործով, կրկին կալանավորվել է։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազության բողոքը և բեկանել Ստեփանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին դատավոր Մասիս Մելքոնյանի որոշումը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, սեպտեմբերի 28-ին կայացած նիստում որոշել է Ստեփանյանի և Կյուրեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը։ Ընդ որում, սա նրանց կալանքից ազատելու Մելքոնյանի առաջին փորձը չէր։ Մասնավորապես, Ռուստամ Ստեփանյանի և Աշոտ Կյուրեղյանի գործով վերդիկտի հրապարակումը նախատեսված էր դեռ հունիսի 10-ին, ինչը չի իրականացվել, թեև դատաքննությունն ըստ էության ավարտվել էր, փոխարենը որոշել էր կալանքից ազատել նրանց։ Վերաքննիչ դատարանը, սակայն, բեկանել է որոշումը և կրկին կալանավորման որոշում կայացրել, իսկ սեպտեմբերի 8-ին Մելքոնյանը որոշել է ևս 21 օրով երկարացնել նրանց կալանքի ժամկետը։ Նշենք, որ գործով դատարանը պատրաստվում է հարցաքննել սույն դրվագով վկայի, որը ՌԴ-ում է գտնվում։ Ըստ այդմ, արդարադատության նախարարությունն իրավական փոխօգնության շրջանակներում դիմել է ՌԴ-ին՝ տեսակապով հարցաքննության կազմակերպման համար, սակայն պատասխան դեռևս չի ստացվել։
Ստեփանյանին և Կյուրեղյանին կալանքից արդեն երկրորդ անգամ ազատելու որոշումը դատախազությունը կրկին բողոքարկել է՝ պահանջելով բեկանել դատական ակտը և կրկին կալանավորելու որոշում կայացնել։ Բողոք ներկայացրել էր նաև պաշտպանը՝ պահանջելով Ռուստամ Ստեփանյանի և Կյուրեղյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացնել և թողնել համակցված խափանման միջոցներից գրավը և բացակայելու արգելքը, կամ դրանց հետ համակցված կիրառել վարչական հսկողություն՝ սահմանափակելով նշված քրեական վարույթի մասնակիցների հետ շփումը: Բողոքները քննվել են դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ։
Դատախազության բողոքը, ինչպես արդեն նշվեց, բավարարվել է։ Վերաքննիչ դատարանն արդեն երկրորդ անգամ է գտնում, որ սպանության կազմակերպման գործով մեղադրյալ քրեական հեղինակությունը պետք է մնա կալանքի տակ և բեկանում է դատավոր Մասիս Մելքոնյանի որոշումը։
Ուշագրավ է, որ, օրինակ, քաղաքական հետաքրքրություն ունեցող գործերով Մելքոնյանը, սովորաբար, իշխանությունների ընդդիմախոսներին կալանավորելու որոշում է կայացնում։
Հիշեցնենք, որ սպանության դեպքը տեղի է ունեցել 2024թ․ հունիսի 11-ին՝ ուշ երեկոյան, Աջափնյակ վարչական շրջանում մահաբեր կրակոցներն արձակվել են բնակելի շենքի մոտ։ Հունիսի 11-ին՝ ժամը 23.17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էստոնական փողոցում զենքով կրակում են, ապա՝ ժամը 23.53-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդել են, որ հրազենային վնասվածքով բուժօգնության են ընդունվել երեք տղամարդ, որոնցից մեկը՝ 1988թ.ծնված տղամարդը, «պարանոցի շրջանի հրազենային վնասվածքով», եւս երկուսը՝ ծնված 1980թ., գլխի շրջանում։
Նրանց թվում էր նաեւ Ֆազը՝ Սերգեյ Գրիգորյանը, որը գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից մահացել է։ ՔԿ-ն հաղորդել էր, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված են եղել «LAND CRUISER», «TOYOTA CAMRY», «OPEL ASTRA» և «TOYOTA COROLLA» մակնիշների ավտոմեքենաներ: «LAND CRUISER» մակնիշի առջևի և հետևի հատվածներում հայտնաբերվել են կրակոցի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ սրահում արնանման նյութի հետքեր: «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և փամփուշտ:
Դեպքից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ սպանության թելերը տանում են դեպի Ռուստամ Ստեփանյան, որն, ըստ շրջանառվող լուրերի, նաև կապ ունի գործող իշխանության որոշ ներկայացուցիչների հետ։ Ավելին, «Ֆազ»-ի և «Չաղ Ռուստամի» միջանձնային խնդիրների մասին հայտնի էր վաղուց։ Այժմ, Սերգեյ Գրիգորյանի սպանությունից շուրջ մեկ ամիս անց ձերբակալվել, ապա՝ կալանավորվել են Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և Ա․Կյուրեղյանը՝ սպանության կազմակերպման մեղադրանքով, իսկ ահա կատարողները դեպքից հետո հատել են ՀՀ սահմանը և մեկնել ՌԴ։ ՌԴ հատուկ ծառայություններն ամիսներ առաջ հայտնաբերել և ձերբակալել են սպանությունը կատարելու մեղադրանքով հետախուզվող Հարություն Սահակյանին, վերջինիս արտահանձնման ուղղությամբ դեռևս աշխատանքներ են իրականացվում։ Սպանությունը կատարելու մեղադրանքով Սուրեն Գրիգորյանը դեռևս հետախուզման մեջ է։
Իզաբել Սահակյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: