Հանրահավաքների մասնակիցների տվյալներն ու նկարները հավաքելու կոչից մինչև խորհրդարանի միջանցքում հնչեցված «ոտը պոկելու» սպառնալիք․ սա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռոման Համբարձումյանի հրապարակային վարքագծի նկարագրությունն է։ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պատգամավորների անցած ճանապարհն ու ունեցվածքը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում Դավթաշենի նախկին ղեկավարն է, որի քաղաքական կենսագրությունում պաշտոնների հերթագայությունն ուղեկցվում է աղմկահարույց պատմություններով։
Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև ծեծկռտուքից հետո Համբարձումյանը խորհրդարանի միջանցքում հայտարարել է․ «Մեկիդ օգնականը իրան լավ չպահեց, ոտը **ից պոկելու եմ։ Մենք իրար հետ՝ հարց չկա»։ Այս արտահայտությունը մեջբերված է միջադեպի մասին հրապարակումներում։ Այստեղ արդեն խոսքը պարզապես կոշտ քաղաքական բառապաշարի մասին չէ․ պատգամավորը հրապարակային խոսքում դիմում է մարմնական հաշվեհարդարի սպառնալիքի, իրեն դրսևորում խուլիգանի նման։ Ի՞նչ կապ ունի նման բառապաշարը օրենսդիրի պատասխանատվության հետ։
Համբարձումյանի՝ մարդկանց թիրախավորող հրապարակային խոսքը, իհարկե, նորություն չէ։ Դեռ 2024 թվականի մայիսին՝ «Սրբազան պայքար» շարժման օրերին, նա առաջարկում էր հավաքել հավաքներին աշխատակիցներ բերող անձանց տվյալներն ու լուսանկարները՝ անդրադառնալով նաև պետական համակարգում աշխատողներին։ Գրառումը գնահատվել էր որպես ճնշումների կոչ։ Քաղաքական անհամաձայնությունն այս կերպ մարդկանց նույնականացնելու հարցի վերածելը բացահայտում է իշխանության ներկայացուցչի վերաբերմունքը բողոքի մասնակցության նկատմամբ։
Կրակոցներ՝ Դավթաշենի ղեկավարի օգնականի ուղղությամբ․
Համբարձումյանի՝ Դավթաշենը ղեկավարելու շրջանն ուղեկցվել է նաև իր օգնական Կորյուն Մխիթարյանի շուրջ աղմկահարույց պատմությամբ։ 2023 թվականի մայիսի 19-ին մի խումբ անձինք հարձակվել էին Մխիթարյանի վարած ավտոմեքենայի վրա․ մեքենան վնասվել էր մահակներով, դրա ուղղությամբ կրակոց էր արձակվել, իսկ Մխիթարյանը վիրավորվել էր։
Վեց անշարժ գույք, արտարժույթ և վարկեր․
«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրած՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրի համաձայն՝ Համբարձումյանը հայտարարագրել է վեց անշարժ գույք՝ հողատարածք Ապարանում, ոչ բնակելի տարածք և ավտոտնակ Երևանում, ինչպես նաև երեք բնակարան։ Ունի նաև 2011 թվականի արտադրության «Infiniti» ավտոմեքենա։
Նրա դրամական միջոցները կազմել են 12 հազար եվրո, 4 մլն 900 հազար դրամ և 17 հազար ԱՄՆ դոլար։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: