Հայաստանի անկախության հռչակագրի տեքստը հակապետական է եւ թույլ չի տալիս ունենալ անկախ պետություն։ Այս միտքը պատկանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը մինչեւ 2023 թվականը բոլորովին այլ մտքեր էր արտահայտում Հայաստանի Անկախության հռչակագրի մասին։ Բայց, 2023 թվականից նա ասում էր, որ հռչակագրի նախապատերազմական եւ հետպատերազմական ընթերցումներից արվող իր եզրակացությունները էապես տարբեր են։
Շատերը կմտածեն, թե տարբեր են Հայաստանի շուրջ իրողությունները, դրա համար էլ Փաշինյանը փոխել է իր գնահատականը։ Բայց, երբ 1990 թվականին ընդունվել է Անկախության հռչակագիրը, Հայաստանի Հանրապետությունը չի եղել հաղթած պետություն։ Ավելին, Հայաստանն արդեն իսկ կանգնած էր թե արցախյան հակամարտության, պատերազմի ձնագնդիի, թե երկրաշարժի հետեւանքների, թե ԽՍՀՄ փլուզման սոցիալ–տնտեսական եւ սոցիալ–հոգեբանական հետեւանքների առաջ։ Անկախության այդ հռչակագրի առկայությամբ Հայաստանը կարողացել է ծանր, բարդ, վայրիվերումներով լի, բայց հետեւողական ընթացքով կայանալ՝ որպես պետություն, ու նաեւ հաղթանակ տանել պարտադրված, ու դարձյալ անհավասար պատերազմում։ Այդ ժամանակ եղել է Անկախության հենց այն հռչակագիրը, որ Նիկոլ Փաշինյանն այսօր որակում է «հակապետական». ասելով, թե այն թույլ չի տալիս ունենալ «անկախ» պետություն։
Հայաստանն այդ հռչակագրով է անդամակցել Միացյալ ազգերի կազմակերպությանը, միջազգային ամենատարբեր կառույցների, առանց որեւէ վերապահման կամ նախատինքի, իսկ Ադրբեջանը անգամ կես բառ իսկ չի ասել այդ հռչակագրին դեմ, ավելին՝ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցել է նաեւ Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքի շրջանակում։ Հետեւաբար, հակապետականը Անկախության հռչակագիրը չէ, այլ ինքնին հռչակագրին տրվող այդ բնորոշումն է հակապետական, հատկապես, որ դա տեղի է ունենում ոչ թե պատերազմից հետո պարզապես, այլ այն բանից հետո, երբ Ադրբեջանը սկսել է դնել այդ հարցը որպես Հայաստանի հետ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի պայման։
Որովհետեւ դա արդեն սկսել է ուղիղ առնչվել Նիկոլ Փաշինյանի իշխանության կոնստրուկցիային, որը նա պետք է պահպաներ 2026 թվականի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ։ Անկախության հռչակագիրը ոչ թե պետությանն է խանգարում կամ հակապետական է, այլ Նիկոլ Փաշինյանի ներկայիս իշխանական կոնստրուկցիային։ Պարզապես, քանի որ նա ըստ էության գործում է «պետությունը ես եմ» լյուդովիկոսյան տրամաբանությամբ, Անկախության հռչակագիրը տեսնում է հակապետական։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: