Երբ լինում է վիրավորական արտահայտություն իմ անձի, իմ թիմակիցների կամ առհասարակ մեր արժանապատվության մասով՝ պատասխան պետք է ստանան. Գառնիկ Դավթյան

«Հիմա իրենք թող կողմնորոշվեն՝ իրենք ծեծ են կերե՞լ, թե ծեծել են»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ ԱԺ նախագահն իրեն մեղադրեց ծեծկռտուքը սկսելու մեջ, որ առաջիններից էր, որ հարված է հասցրել եւ ընդհանրապես մեղքը բարդեց «Ուժեղ Հայաստանի» վրա։ Այնինչ լրագրողները տեսնում էին նաեւ, թե ինչպես է քպական Տարոն Չախոյանը ջուր շփում «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի վրա։

«Իմ համար խնդիրն այն է, որ Ազգային ժողովը 2018 թվականից այս կողմ, իսկ ավելի ստույգ՝ 2020 թվականից այս կողմ, դարձրել են փողոցային մակարդակի ինչ-որ մի տարածք։ Մեկը՝ աթոռին նստած ինչ-որ պաշտոնավոր մարդ, աթոռ վերցրած է գալիս։ Հարց է առաջանում. աթոռը շատ է սիրում դրա համա՞ր է աթոռով գալիս։ Թող միանգամից աթոռով իջնի, խոսա, հետո աթոռով էլ բարձրանա։

Կռիվ է եղել։ Ես միայն կռիվ երեւույթի մասին եմ խոսում։ ԱԺ-ն բարձրագույն օրենսդիր մարմին է, որը այո, պետք է հարգվի։ Եվ այս իրավիճակը այդքան էլ հաճելի չի մեր ժողովրդի համար։ Այստեղ զարմանալի բան չկա այնքանով, որքանով մենք գիտենք, որ Ազգային ժողովը արդեն երկար տարիներ չի ծառայում իր նպատակին։

Խնդիրն այստեղ հակառակ կողմի վիրավորանքների եւ ձեւակերպումների մեջ է։ Պարբերաբար սադրանքներ լինում են։ Ավելին, ես մի կարեւոր բան ասեմ։ Երեկվա հարց ու պատասխանից հետո ակնհայտ էր, որ իրենք չստանալով ցանկալի, բաղձալի քաղաքական խոսույթ եւ իրավիճակ, որը ցանկանում էր իրենց ղեկավարը սադրել, պետք է լիներ այսօր։ Մենք երեկ հասկացանք՝ հատկապես ջղաձգումները, նստած տեղից անհանգիստ շարժումները։ Պարզ էր՝ իրենք ունեն հստակ հանձնարարական։ Ու այսօր եղավ այն, ինչը որ տեղի ունեցավ։

Առավոտից ես նկատել էի լարվածություն իրենց խոսույթի մեջ։ Ու ինչ որ տեղի ունեցավ, միանշանակ կապ ունի։ Իրենք են սովոր Whatsapp-ով նամակ ստանալ եւ հրահանգը կատարել»,-ասաց պատգամավորը։

Հարցին, թե ինչո՞ւ ինքը տրվեց սադրանքին՝ Գառնիկ Դավթյանը պատասխանեց. «Ես սադրանքի չեմ տրվել; Մի բան ասեմ։ Բացի պատգամավոր լինելուց, ես հայ տղամարդ եմ, որն ունի արժանապատվություն։ Յուրաքանչյուր ժամանակ, երբ լինում է վիրավորական արտահայտություն իմ անձի, իմ թիմակիցների կամ առհասարակ մեր արժանապատվության մասով, պատասխան պետք է ստանան։ Լավ ենք արել։ Իմ համար սա հպարտանալու կամ պարծենալու բան չէ, բայց կա իրականություն, որի հետ հաշվի ենք նստում։

Ժողովուրդը պետք է մեզ գնահատի մեր գործով եւ խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս, որը մենք մինչ այդ արել ենք եւ հիմա էլ, հետագայում էլ ենք անելու։ Տեսանյութերով հստակ երեւում է ամեն ինչ։ Եվ հերթական անգամ մեկնաբանեմ մի բան, որը պարզ երեւում է, կարծում եմ՝ տեղին չի։ Երբ որ մենք ժողովրդին փորձում ենք մատչելի ձեւով բացատրել, որ այս մարդիկ չեն ծառայում հայ ժողովրդի շահերին, սրա համար ենք ասում։ Էլ մարդասպան, էլ մանկասպան, էլ ահաբեկիչ, էլ զավթիչ… Ալիեւի խոսույթը մեր ամբողջ ազգին է կպնում։ Մի անգամ եղե՞լ է, որ նույն ինքը՝ աթոռի սիրահար Վահագն Ալեքսանյանը, կամ Նիկոլ Փաշինյանը վեր կենա, հոխորտա։ Չի եղել։ Դա խոսում է մի բանի մասին, որ այս իշխանությունը Հայաստանի Հանրապետության շահերին չի ծառայում եւ անելիք չունի առհասարակ»։

Անդրադառնալով միջադեպի ժամանակ ԱԺ նախագահի պահվածքին, Գառնիկ Դավթյանը ասաց. «Ազգային ժողով է, մի բան մենք կարող ենք արձագանքել, մի բան՝ իրենք։ Երբ ինքն ընտրվում էր որպես նախագահ, ակնհայտ էր, որ ինքն ընտրվում է, որպեսզի ավելի շատ պաշտպանի ՔՊ-ի անօրինությունները, քան դրանք կանխի։ Ակնհայտ է, երբ մենք ենք տեղից հակադարձում, մեզ դիտողությունները շատ են, իսկ երբ որ քպականներն են հակադարձում, նեղվում են, օրինակ, կոռուպցիայի թեմայից, ոչ մի միջամտություն չկա։ Մեր համար սա նորություն չէ եւ այնպես չէ, որ զարմացած ենք։ Իրենք գիտեն, որ իրենց ուղղությունը պետք է լինի ավելի շատ իրենց քաղաքական ուղղությունը պաշտպանելը»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment