Ամբողջ պատասխանատվությունը դնում եմ ընդդիմության վրա, ողջունում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գործողությունները և իմ աջակցությունն եմ հայտնում նրանց․ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին։
«Աթոռով, սեղանո՞վ, թե՞ այլ բանով՝ համաչափ էր և ճիշտ»,- ասաց նա։
«Դատապարտում եմ բռնությունը, բայց սատարում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն՝ այսօր ձեռնարկված միջոցառումների համար։ Եթե ինչ-որ մեկն ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ պետք է լկտիանա։ Երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամն ամբիոնից իրեն լկտի պահեց և, անտեսելով խնդրանքն ու կոչերը, ներողություն չխնդրեց, պարզ էր, որ ամեն ինչ այսպես կավարտվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ–ում այսօր ծեծկռտուք տեղի ունեցավ ՔՊ–ի եւ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների միջեւ։ Իրավիճակը լարեց ՔՊ–ական Տարոն Չախոյանը, որի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց խորհրդարանում։ Լեզվակռիվը վերածվեց ծեծկռտուքի։ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ։ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր գալիս, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված էր։ Շտապօգնություն էր ժամանել խորհրդարան։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը մի քանի րոպե հետեւում էր ծեծկռտուքին, հետո ընդմիջում հայտարարեց՝ ներս հրավիրելով անվտանգության աշխատակիցներին։ Պատգամավորները վիճաբանությունը շարունակեցին միջանցքում։
Մանրամասները՝ տեսանյութում
Թեման հետագայում էլ շարունակվեց։
«Եթե որևէ մեկն ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ ինքը պետք է լկտիանա։ Եթե որևէ մեկը մտածում է, որ կարող է ձեռքը երկարացնի ու ԱԺ պատգամավորին խփի, էդ ձեռքն ուղղակի կջարդենք, պետք ըլնի՝ աթոռով էլ կջարդենք»,-պնդեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լրագրողներից մեկն էլ նկատեց՝ չի հիշում, որ այժմ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի ոտքը կոտրեց Նիկոլ Փաշինյանը, երբ վերջինս, նախորդ գումարման խորհրդարանում «քացով» խփում էր ընդդիմադիր պատգամավորներին։
Նիկոլ Փաշինյանը վրդովվեց՝ հիշեցրեց, որ այդ ընդդիմադիրները ջրի շշեր էին նետում վարչապետի ուղղությամբ եւ տարակուսեց, որ կարծում էին թե դա անելու են եւ անպատի՞ժ մնան։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: