Արցախից տեղահանվածների աջակցության 2 ծրագիր կերկարաձգվի մինչև 2027-ը (PAN.am)

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել շարունակել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների համար նախատեսված սոցիալական աջակցության երկու ծրագիր։ Մասնավորապես, Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց աջակցության ծրագրի շահառուները կշարունակեն աջակցություն ստանալ մինչև 2027 թվականի հունիս ամիսը ներառյալ, հայտնում է աշխատանքի և բարեկեցության նախարարությունը:

2027 թվականի հունվարից մարտը ներառյալ աջակցության չափը կկազմի ամսական 30,000 դրամ, իսկ 2027 թվականի ապրիլից հունիս ամիսները ներառյալ՝ 15,000 դրամ։ 2026 թ․ հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրից օգտվում է մոտ 46,000 անձ։

Այս միջոցառման շրջանակում առանձին խումբ են դիտարկվում՝

  • 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձինք,
  • 63 և ավելի տարեկան անձինք,
  • կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող անձինք,
  • հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձինք,
  • մինչև 18 տարեկան երեխաները։

Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրվող լրացուցիչ հրատապ աջակցության միջոցառման ժամկետը ևս կերկարաձգվի․ շահառուները կշարունակեն 40+10 հազար դրամ աջակցություն ստանալ մինչև 2027 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ։

Միջոցառման շրջանակում 2026 թ․ հոկտեմբեր ամսին աջակցություն է տրամադրվել 8600 ընտանիքի։

Ծրագրի շահառուներն են այն ընտանիքները, որոնց մեկ անդամի ամսական եկամտի չափը ցածր է 55,000 դրամից․ մեկ անդամի ամսական եկամտի չափը որոշվում է ընտանիքի ամսական եկամուտների հանրագումարի և ընտանիքի անդամների թվի հարաբերությամբ։ Ղարաբաղից տեղահանված անձինք հնարավորություն ունեն օգտվելու սոցիալական աջակցության գործող այլ ծրագրերից և միջոցառումներից՝ դրանցով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում։

Leave a comment