ԱԺ-ն 63 կողմ, 32 դեմ ձայնով վավերացրեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը: Զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:
– Հավանական համարո՞ւմ եք, որ ԹՐԻՓՓ-ը կգործարկվի՝ հաշվի առնելով Իրանի, նաեւ ՌԴ-ի դիրքորոշումները:
– Չեմ կարծում, թե այս իրավիճակում կսկսի գործել, դա բավականին երկարատեւ պրոցես է եւ, այո, չի կարող լինել առանց Ռուսաստանի եւ Իրանի համաձայնության: Ձեռք կբերվի այդպիսի համաձայնություն, թե ձեռք չի բերվի՝ այլ հարց է, բայց այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում ԹՐԻՓՓ-ը, այդ իմաստով միայն այս փաստաթղթերով չի գործի:
– ՀՀ իշխանությունն այդ հանգամանքը հաշվի առե՞լ է, թե՞ առաջնորդվել են «հիմա անենք, թե հետո ինչ լինի՝ տեղում կհասկանանք» մտայնությամբ:
– Իմ պատկերացմամբ, Հայաստանի իշխանությունները ԹՐԻՓՓ-ը հաջողություն են համարում ոչ թե այն պատճառով, որ դա Հայաստանին օգնելու է շրջափակումից դուրս գալ, այլ՝ այն, որ այդպիսով փակեցին Ադրբեջանի ախորժակը, որը սպառնում էր ուժով բացել այդ միջանցքը: Ակնհայտ է, որ եթե զուգահեռաբար Հայաստանն իր հարեւանների հետ մյուս ճանապարհները չբացի, ԹՐԻՓՓ-ի այդ 43 կմ-ի բացումը որեւէ բան Հայաստանին չի տալու, որովհետեւ անհասկանալի է, պատկերավոր ասած, թե ինչպես է Հայաստանն օգտվելու այդ ճանապարհից: Ինչպես են, օրինակ, բեռները Երեւանից հայտնվելու այդ 43 կիլոմետրանոց հատվածում, եթե Նախիջեւանով անցնող երկաթուղին չի գործում, եթե Կարս-Գյումրին, Իջեւան-Ղազախ երկաթուղին չի գործում: Ստացվում է այնպես, որ այդ 43 կիլոմետրանոց հատվածով Ադրբեջանը կարողանալու է օգտվել, իր բեռները կարող է ուղարկել Նախիջեւան, այնտեղից՝ Թուրքիա, իսկ Հայաստանը ֆիզիկապես չի կարող այդ ճանապարհից օգտվել, եթե մյուս ճանապարհները չեն բացվում:
– Այդ՝ մյուս ճանապարհները բացելու մտադրություն Թուրքիան ու Ադրբեջանը չունեն, այդ մասին նույնիսկ չի քննարկվել, ինչը պարզ դարձավ Արարատ Միրզոյանի հայտարարությունից:
– Այո, այդ մասին խոսում է միայն Հայաստանը, նաեւ Ադրբեջանում են ինչ-որ հայտարարություններ անում, որ երբեւէ հնարավոր է, գուցե` այդպիսի տոնայնությամբ: Մինչդեռ ԹՐԻՓՓ-ը շատ կոնկրետ է: Ինչո՞ւ է Ադրբեջանն այդպես ասում՝ որովհետեւ նրան պետք է այդ 43 կիլոմետրանոց հատվածը, իսկ Հայաստանին դա ընդհանրապես պետք չէ, պետք են մյուս հատվածները: Ես մտավախություն ունեմ, որ տեղի կունենա այն, ինչը սովորաբար տեղի է ունենում: Ադրբեջանը կստանա իր ուզածը, իսկ այն, ինչը պիտի փոխարենը տար, չի տա, կձգձգի անընդհատ: Խոսքը տվյալ դեպքում ե՛ւ Նախիջեւան-Հայաստան երկաթուղու բացումն է, ե՛ւ Իջեւան-Ղազախ, որովհետեւ դա իրենց պետք չէ, դա մեզ է պետք: Իրենց պետք էր ԹՐԻՓՓ-ը:
Հայկա ԱԼՈՅԱՆ Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: