2026-ին 65+ տարեկանների առողջության ապահովագրության համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 117 մլրդ դրամ․ Փաշինյան

2026 թվականին ՀՀ պետական բյուջեից 320 միլիոն դոլար կամ 117 միլիարդ դրամ հատկացումներ են եղել 65+ տարիքի անձանց առողջական ապահովագրական ծախսերի համար․ այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

2027 թվականից համակարգում կներառվեն նաեւ տաքսու վարորդները՝ ովքեր գրանցված աշխատողներ են։ Մինչ այժմ համակարգում 1․800 հազարից ավել մարդ է գրանցված, հունվարի 1-ից, այս խմբի ներառման արդյունքում, ակնկալվում է, որ համակարգում գրանցվածների թիվը 2 միլիոնի կհասնի։

Մանրամասները՝ տեսանյութում

Այսօր կառավարության նիստում, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցեց՝ մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները ևս 2027 թվականի հունվարի 1-ից կընդգրկվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում․ «Նրանց ապահովագրավճարի բեռը կբաշխվի հետևյալ համամասնությամբ՝ 10 800 դրամ ամսական ապահովագրավճարից 4 400 դրամը կսուբսիդավորի պետությունը, 4 400 դրամը գործատուն կվճարի և 2 000 դրամը աշխատողը կվճարի։ Ուզում եմ հիշեցնել, որ մինչև 2026 թվականի հունվարի մեկը մենք բոլորս վճարում էինք դրոշմանիշային վճար, որը 1 000 դրամից ավել էր, և 2026 թվականի հունվարի 1-ից, ուրեմն, մինչև 1 միլիոն ստացող բոլոր աշխատողների համար այդ վճարը փոխվեց, դարձավ 1 000 դրամ, և այստեղ մենք ունեինք խնայողություն, որը նաև պլանավորել էինք, որ այս խումբ քաղաքացիների համար նրանք ևս կկարողանան ուղղել առողջության համընդհանուր ապահովագրության ծախսերին։

Նշեմ, որ այն քաղաքացիները, ում աշխատավարձը 2027 թվականի հունվարի 1-ից կանցնի 200 000 դրամը և կլինի մինչև 500 000 դրամ, պետությունը այս պարագայում կսուբսիդավորի 6 000 դրամը, ինչպես որ մենք 2026 թվականին ենք իրականացրել, և մնացած 4 400 դրամը կվճարի արդեն քաղաքացին։ Այստեղ ուզում եմ նշել, որ նաև մեր մտադրությունն էր, որ գործատուների կողմից 200 000 դրամից ցածր ստացող աշխատողների կենսամակարդակը, նրանց աշխատունակությունը ապահովելու մասով ևս պետք է գործատուները ունենան իրենց մասնակցությունը, բայց եթե անձի աշխատավարձը հատում է այդ սահմանը, ապա նաև ապահովագրավճարի վճարման բեռը անցնում է աշխատողի վրա, իհարկե այդ սուբսիդավորման հատվածը մնում է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment