«Տեղի ունեցածի պատասխանատվությունն ամբողջ ծավալով կրում է Ռուբեն Ռուբինյանը։ Տարոն Չախոյանի սադրիչ հրահրումները նա խրախուսեց՝ որևէ կերպ չմիջամտելով։ Եթե այդ պահին ամբիոնից խոսեր որևէ ընդդիմադիր պատգամավոր՝ ընդդիմադիր երկու խմբակցություններից որևէ մեկը, և խոսեր այնպես, ինչպես խոսում էր սադրիչ Տարոն Չախոյանը, Ռուբեն Ռուբինյանը րոպեների ընթացքում կհրավիրեր անվտանգությանը։ Բայց նա լուռ նստած հետևում ու վայելում էր ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցածը։
Այս ամենի պատասխանատուն Ռուբեն Ռուբինյանն է, որը միտումնավոր թույլ է տվել, որ իրավիճակը հասնի այն հանգրվանին, որին հասավ։ Սա նրանց կողմից ծրագրված գործողություն էր, որը հաջորդեց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին, որտեղ ուղղակիորեն մերկացվեց Փաշինյանի արտաքին քաղաքականության սնանկությունը։ Նրանք չունեին որևէ պատասխան TRIPP-ի հետ կապված մանրամասների վերաբերյալ։ Թե ՀՀ Սյունիքի մարզի սուվերեն տարածքի որ հատվածներով է անցնելու TRIPP ճանապարհը, ամբողջ կառավարությունով փորձում էին այդ հարցի պատասխանը գտնել, միմյանց օգնել, բայց չէր ստացվում։
Իրենց ձախողումները քողարկելու և հանրային օրակարգը շեղելու համար, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանի հրահանգով այսօր տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած խայտառակ ծեծկռտուքին։
Նա շեշտեց, որ Փաշինյանը Սյունիքի մարզի ինքնիշխան տարածքից ճանապարհ է տվել Ադրբեջանին՝ առանց խաղաղության ստորագրված համաձայնագրի, այսինքն՝ առանց որևէ երաշխիք ունենալու. «Երբ մենք այս ամենը բարձրաձայնում էինք խորհրդարանում, և նրանք չունեին որևէ հոդաբաշխ պատասխան, հավանաբար որոշել են, որ պետք է իրավիճակը սրեն, լարեն, հանրության ուշադրությունը շեղեն»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: