ԱԺ-ում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում է Ռուբեն Ռուբինյանը. նա նստած վայելում էր. Մարիաննա Ղահրամանյան

Ուզում եմ հատուկ շեշտել, որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը ամբողջ ծավալով կրում է Ռուբեն Ռուբինյանը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

«Նա խրախուսեց սադրիչ Տարոն Չախոյանի հրահրումները՝ որևէ կերպ չմիջամտելով։ Եթե այդ պահին ամբիոնին որևէ ընդդիմադիր պատգամավոր խոսեր այնպես, ինչպես խոսում էր սադրիչ Տարոն Չախոյանը, Ռուբեն Ռուբինյանը րոպեական կհրավիրեր անվտանգությանը։ Բայց նա լուռ նստած հետևում և վայելում էր ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցողը»,-հավելեց նա։

Նրա խոսքով՝ Ռուբինյանը միտումնավոր է թույլ տվել, որպեսզի իրավիճակը հասնի դրան. «Սա կիրենց կողմից ծրագրված գործողություն էր, որը հաջորդեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, որտեղ ուղղակի մերկացվեց Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության սնանկությունը, որտեղ չունեին ոչ մի պատասխան ԹՐԻՓՓ-ի հետ կապված մանրամասների վերաբերյալ։ Նրանք չկարողացան ասել, թե Սյունիքի մարզի որ հատվածներով է անցնելու ԹՐԻՓՓ-ի ճանապարհը։ Ամբողջ կառավարությունով փորձում էին այդ հարցի պատասխանը տալ, բայց չէր ստացվում»։

Ղահրամանյանը պնդեց՝ իրենց  ձախողումները քողարկելու, հանրային օրակարգը շեղելու համար  Նիկոլ Փաշինյանի հրահանգով այսօր սա տեղի ունեցավ. «Այսօր ուզում եմ շեշտել, որ նա ՀՀ սուվերեն տարածքից՝ Սյունիքի մարզից, ճանապարհ է տվել Ադրբեջանին՝ առանց ունենալու խաղաղության ստորագրված համաձայնագիր։ Երբ մենք այս ամենը բարձրաձայնում էինք խորհրդարանում, հավանաբար, որոշել են իրավիճակը սրել և հանրության ուշադրությունը շեղել։ Առավոտից այդ մթնոլորտը խորհրդարանի դահլիճում զգացվում էր և Տարոն Չախոյանը հատուկ ամբիոնից ստեղծեց այնպիսի իրավիճակ, որը կարող էր արձագանքներ բերել»։

Leave a comment