Հայաստանի վարչապետ Փաշինյանն ու փոխվարչապետ Գրիգորյանը ըստ էության ասում են, որ Թրամփի ուղու լայնությունը կարող է լինել անսահման։ Անսահման այն իմաստով, որ այդ ծրագրի շրջանակում նախատեսված կոմունիկացիաները կարող են ընդգրկել ամբողջ Հայաստանը։ Դատելով նրանց խոսքից, դա նշանակում է, որ երկաթուղին, օրինակ, կանցնի Մեղրիով, իսկ հնարավոր ավտոճանապարհը կամ գազամուղը՝ լրիվ այլ հատվածներով, անգամ տասնյակ կամ հարյուր կմ հեռավորությամբ։
Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի ցանկացած տարածք կարող է օգտագործվել ցանկացած նախագծի համար։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը դնում է «վարձակալության», «աճուրդի»։ Օրինակ, վաղը կարող է լինել մի առաջարկ, ասենք՝ «Ուրսուլայի ուղի», կամ «Էմանուելի ուղի» տրամաբանությամբ, եւ Հայաստանի վարչապետն ավանսով տալիս է այդ ամենն առնվազն քննարկելու համաձայնությունը։ Իհարկե, այդ ամենի «ճակատին» կգրվի ինքնիշխանություն եւ տարածքային ամբողջություն, բայց ինքնին մոտեցումը՝ բացարձակապես կապ չունի դրա հետ։ Որովհետեւ, իրապես ինքնիշխան ու անկախ քաղաքականության սուբյեկտը ոչ թե հայտնում է իր տարածքը որեւէ միջազգային նախագծի արտապատվիրակված կառավարման հանձնելու պատրաստակամության մասին, այլ հայտարարում է իր տարածքով անցնող կոմունիկացիաների արդյունավետ կառավարման պատրաստակամության, հանձնառության, պատասխանատվության մասին, ու կարողանում է դրա շուրջ ձեւավորել միջազգային համաձայնություն, այլ ոչ թե արտապատվիրակման մեխանիզմի եւ պայմանների։
Միեւնույն ժամանակ, Փաշինյանը հայտնելով Հայաստանի ամբողջ տարածքն այդօրինակ հավակնությունների տրամադրության տակ դնելու պատրաստակամություն, ըստ ամենայնի փորձում է փարատել այլ խոշոր դերակատարների դժգոհությունը, որ նա բավարարել է միայն Թրամփի հավակնությունը։ Փաշինյանը դրսեւորում է բոլորի հավակնությունը բավարարելու պատրաստակամություն։ Ըստ երեւույթին շուտով նա կբարձրաձայնի ինքնիշխանության մի նոր բանաձեւ, ինչպես անկախության դեպքում։ Նա ասում էր, որ անկախությունը՝ մեկից կախվածությունը մի քանիսից կախվածությամբ փոխարինելն է։ Ըստ երեւույթին ինքնիշխանությունն էլ՝ մեկի հավակնությունների բավարարումը մի քանիսի հավակնությունների բավարարմամբ փոխարինելն է։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: