Հայաստանում ուսուցիչներին կսովորեցնեն՝ ինչպես ավելի արդյունավետ դասավանդել ռուսերենով

Երևանում մեկնարկել է Հայաստանում ռուսերենով առարկաներ դասավանդող ուսուցիչների վարպետության զարգացման դպրոցը, որն իրականացնում են «Ռոսսոտրուդնիչեստվոն» և Պատրիս Լումումբայի անվան Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը (ՌԺԲՀ)՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Նախագծին մասնակցում են պատմության, քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, ֆիզկուլտուրայի, երաժշտության և այլ առարկաների ուսուցիչներ:

ՌԺԲՀ Ռուսաց լեզվի ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալ, բանասիրական գիտությունների թեկնածու Մարիա Ալիմովայի ձևակերպմամբ՝ պիլոտային նախագիծը եզակի է: Նրա խոսքով՝ ցանկացած առարկա ռուսերենով դասավանդելը կրկնակի դժվար է, քանի որ այն դառնում է մանկավարժի աշխատանքի հիմնական գործիքը, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել սովորողների մայրենի լեզվի ազդեցությունը ուսումնական գործընթացի վրա։

Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական, ՀՀ-ում ՌԴ ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Միխայիլ Վոժդաևը կարևորեց գործընկերների հետ հանդիպելը, փորձը և տպավորություններ փոխանակելու հնարավորությունը, իսկ Երևանում Ռուսական տան ժամանակավոր պաշտոնակատար Անաստասիա Կուրբատովան հույս հայտնեց, որ մասնակիցները նախագծի ավարտից հետո որևէ նոր բան կտանեն իրենց հետ ու կներդնեն աշխատանքում:

ՌԺԲՀ-ի Ռուսաց լեզվի ինստիտուտի ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր Վիկտորյա Կուրիլենկոն նշեց, որ 3 օրերի ընթացքում խոսելու են սիրելի առարկաների ու լեզվի մասին, ոչ թե քերականության, այլ այն տեսանկյունից, թե ինչպես ավելի հասանելի և զգացմունքային ներկայացնել առարկայական գիտելիքները ռուսերենով:

Նախագծի առաջին օրը նվիրված է համընդհանուր մանկավարժական հմտություններին՝ ստեղծարարությանը, քննադատական մտածողությանը, աշակերտների հետ շփում կառուցելու կարողությանը, հաջորդ օրերին պարապմունքները կանցկացվեն մասնակիցների առարկայական մասնագիտացման հաշվառմամբ։ Ուսուցումը կավարտվի ամփոփիչ ատեստավորմամբ: Մասնակիցները կանցնեն թեստավորում, այնուհետև փոքր խմբերով կպատրաստեն նախագծեր՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է ստացված գիտելիքներն ու հմտությունները կիրառել դասերի ժամանակ:

Հոկտեմբերի 30-ին մանկավարժները կներկայացնեն այդ նախագծերը և կստանան դասընթացին մասնակցության վկայականներ:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

 Լուսանկարը՝ Հայաստանում Ռուսական տան ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment