Chery-ին պատկանող AiMOGA Robotics ընկերությունն ամբողջ աշխարհում սկսել է հայտերի ընդունումը տնային օգտագործման համար նախատեսված նոր մարդանման ռոբոտի ձեռքբերման նպատակով։
Նոր MoBao-ն AiMOGA Robotics-ի առաջին սպառողական մարդանման ռոբոտն է, որը նախատեսված է տնային օգտագործման համար։ Չինական ընկերությունն այն ներկայացնում է որպես երեխաների և տարեցների համար նախատեսված ընկերասեր ուղեկից։
Նոր ռոբոտն աչքի է ընկնում իր փոքր չափերով․ դրա բարձրությունը 90 սմ է, իսկ քաշը՝ 18 կգ։ Հետևաբար այն կարելի է տեղափոխել ձեռքերով, իսկ սովորական բնակարանում շատ տեղ չի զբաղեցնի։ Ռոբոտն ունի շարժման 22 ազատության աստիճան և կարող է արտահայտել ավելի քան 30 հույզ՝ մարդու հետ շփումն ավելի բնական դարձնելով։ Չինական նորույթի կորպուսը պատված է փափուկ պաշտպանիչ շերտով։ Մշակողները ռոբոտում ներկառուցել են նաև ֆիզիկական անվտանգության մեխանիզմ՝ անկանխատեսելի իրավիճակների համար։
MoBao-ն նախատեսված է օգտագործման երկու հիմնական սցենարի համար։ Տարեցների հետ շփվելիս այն հանդես է գալիս որպես ուշադիր օգնական։ Մասնավորապես, MoBao-ն կարող է զրուցել, հիշեցնել դեղեր ընդունելու մասին, ինչպես նաև արտակարգ իրավիճակում, օրինակ՝ մարդու ընկնելու դեպքում, հաղորդագրություն ուղարկել համապատասխան ծառայություններին։ Երեխաների հետ շփվելիս ռոբոտը վերածվում է ինտերակտիվ օգնականի․ այն օգնում է սովորել բանաստեղծություններ և անգլերեն, անցկացնում է տեսողական ուսուցողական պարապմունքներ և նույնիսկ կարող է պարել։
MoBao-ն աշխատում է արհեստական բանականության հիման վրա, որը պատասխանատու է նաև առաջադրանքների պլանավորման համար։ Նորույթն աջակցում է ավելի քան 20 լեզվով հաղորդակցությանը և կարող է հիշել մարդկանց դեմքերը։ Սեփականատերերի անձնական տվյալները կոդավորված ձևով պահվում են հենց ռոբոտում։
MoBao-ի ինքնավար աշխատանքի տևողությունը 1.5-2 ժամ է։ Նոր ռոբոտի գինը դեռ չի հրապարակվել։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։