Աստիճանաբար ի չիք է դառնում հանրության համախմբման ցանկացած դրսևորում․ «Փաստ»

Ժամանակի ընթացքում Հայաստանի ներքաղաքական և հասարակական դաշտում ձևավորվել է պառակտման լրջագույն գործընթաց, որը այլևս չի կարող ընկալվել որպես պատահական կամ իրավիճակային զարգացում. այն դարձել է կայուն միտում, որն աստիճանաբար ներթափանցել է հանրային կյանքի գրեթե բոլոր շերտերը՝ խաթարելով համախմբման, փոխվստահության և պետական միասնականության հիմքերը։

Սկզբնական փուլում այդ պառակտումը դրսևորվեց քաղաքական հարթությունում՝ «ներկաների» և «նախկինների» հակադրությամբ, որը ներկայացվում էր որպես բարոյական ու քաղաքական սահմանագիծ, սակայն իրականում վերածվեց նախկինում գրանցված արդյունքների ժխտման և դրա վրա հիմնված ժխտողական քաղաքականության լեգիտիմացման գործիքի։ Այդ բաժանումը քաղաքական պայքարը տեղափոխեց ոչ թե ծրագրերի ու գաղափարների մրցակցության դաշտ, այլ պիտակավորման հարթություն, որտեղ հակառակ ճամբարը ներկայացվում էր ոչ թե որպես այլընտրանքային քաղաքական ուժ, այլ որպես անցյալի մարմնավորում, որը պետք է բացառվի հանրային գործընթացներից։

Քաղաքական այս հակադրությունը երկար չմնաց քաղաքական դաշտի սահմանափակ հարթությունում և աստիճանաբար արտահոսեց հանրային դաշտ՝ ընդգրկելով «սևերի ու սպիտակների» բաժանման երկատումը։ Այդ փուլում պառակտումն արդեն կրեց սոցիալական և հոգեբանական բնույթ, երբ քաղաքացիները սկսեցին միմյանց ընկալել ոչ թե որպես նույն պետության համահավասար անդամներ, այլ որպես հակադիր ճամբարների ներկայացուցիչներ, այսպես կոչված՝ «ճիշտ»՝ «սպիտակ», և «սխալ»՝ «սև» կողմերի։ Այսպիսի երկփեղկման գործընթացը խորապես թունավորեց հանրային խոսույթը, քանի որ ցանկացած քննադատություն կամ այլ կարծիք ավտոմատ կերպով ընկալվում էր ոչ թե որպես մտահոգություն կամ այլընտրանքային մոտեցում, այլ որպես թշնամական դիրքորոշում։ Արդյունքում հանրային քննարկումը կորցրեց իր կառուցողական բնույթը, իսկ համաձայնության հասնելու հնարավորությունները կտրուկ նվազեցին։

Ժամանակի ընթացքում պառակտման հաջորդ փուլը դարձավ «հինգերորդ շարասյան» և, այսպես կոչված, «հայրենասերների» բաժանումը, որն արդեն դուրս եկավ ներքաղաքական պայքարի շրջանակներից ու տեղափոխվեց ազգային անվտանգության և «հայրենասիրության» դաշտ։ Այս փուլում պառակտումը ստացավ առավել վտանգավոր բնույթ, քանի որ այլ կարծիք ունեցողները սկսեցին ներկայացվել ոչ պարզապես որպես քաղաքական հակառակորդներ, այլ որպես արտաքին ուժերի սպասարկողներ կամ պետականության համար սպառնալիք ներկայացնող սուբյեկտներ։ Դա հանրային դիսկուրսում ներմուծեց կասկածի և անվստահության մթնոլորտ, որտեղ ցանկացած քննադատական խոսք կարող էր ընկալվել որպես դավաճանություն, իսկ բանավեճը՝ որպես անվտանգության ռիսկ։ Այսպիսի պայմաններում հասարակությունը աստիճանաբար զրկվեց ինքնաքննադատության և առողջ բանավեճի ունակությունից, ինչը ցանկացած պետության համար կենսական նշանակություն ունեցող գործոն է։

Պառակտման գործընթացի առավել մտահոգիչ դրսևորումը դարձավ դրա ներթափանցումը եկեղեցական դաշտ։ Հայ առաքելական եկեղեցին պատմականորեն եղել է ոչ միայն հոգևոր հաստատություն, այլ նաև ազգային ինքնության, համախմբման և շարունակականության առանցքային սյուներից մեկը։ Երբ եկեղեցականների մի մասը սկսում է ներգրավվել իշխանության օրակարգի սպասարկման մեջ՝ ի հակադրություն Եկեղեցու ներսում գործող սկզբունքների ու առկա կարգավորումների, ապա դրա արդյունքում Եկեղեցին՝ որպես կառույց, երկատվում է։ Եկեղեցու շուրջ ձևավորվող պառակտումը հատկապես վտանգավոր է այն պատճառով, որ այն խարխլում է այն հարթակը, որը նույնիսկ ամենածանր պատմական փուլերում կարողացել է պահպանել ազգային միասնականության նվազագույն հիմքը։

Այս ամբողջ գործընթացի համատեքստում աստիճանաբար ի չիք է դառնում հանրության համախմբման ցանկացած դրսևորում։ Երբ հասարակությունը մշտապես բաժանվում է «ճիշտերի» և «սխալների», «մերոնքականների» և «օտարների», «հայրենասերների» և «դավաճանների», ապա համախմբումը դառնում է ոչ թե ընդհանուր նպատակ, այլ կասկածելի և երբեմն նույնիսկ վտանգավոր գաղափար։ Այս պայմաններում հանրային համերաշխության ցանկացած փորձ հեշտությամբ արժեզրկվում է կամ ներկայացվում է որպես քողարկված քաղաքական մանևր, ինչի արդյունքում հասարակությունը մնում է մշտապես բևեռացված և ներքին լարվածության մեջ։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment