Ոչ մի կոնկրետ այց կամ հայտարարություն չի կարող կախարդական փայտիկ դառնալ․ «Փաստ»

Հայաստանում միջազգային բարձր մակարդակի այցելությունների և արտաքին դերակատարների բարձրաստիճան պաշտոնյաների այցերի նկատմամբ հանրային արձագանքը միշտ էլ արտահայտվել է հույզերով ու երբեմն չափազանցված սպասումներով:

Սոցիալական մեդիայում և լրատվական դաշտում հաճախ ձևավորվում է այնպիսի տրամադրություն, որ եթե Հայաստան է ժամանում որևէ ազդեցիկ երկրի ղեկավար կամ բարձրաստիճան պաշտոնյա, ապա դա ազդարարում է էական փոփոխությունների սկիզբ՝ թե՛ երկրի արտաքին քաղաքական ուղեգծում, թե՛ անվտանգային ճակատում, թե՛ տնտեսական գործունեության հնարավորություններում։ Այս իրավիճակը խորապես արմատավորված է նորանկախ պետականության պատմական փորձի, շարունակվող անվտանգային սպառնալիքների, հասարակության երկարամյա սպասումների և կախվածության հոգեբանության մեջ։ Մշտապես առկա է դրսից փրկություն որոնելու հույսը, խնդիրների լուծման բանալին դրսում տեսնելու աշխարհայացքը, ինչը պայմանավորված է ինչպես փոքր երկրի դիրքով, այնպես էլ անցած տասնամյակների՝ արտաքին աշխարհից եկած օգնության առկայությամբ ու դրա նկատմամբ չափազանցված գնահատականի ձևավորմամբ։

Հենց այստեղ է, որ առաջանում է այցելությունների և նրանց ակնկալվող հետևանքների վերաբերյալ վերացական ու իրական սպասումների բախումը, ուր հանրային զգայական ընկալումները գերակշռում են քաղաքական վերլուծության սառնությամբ:

Երբ երկրի համար առանցքային տերությունների պատվիրակություններ են գալիս Հայաստան, հանրային դաշտի մի զգալի հատվածի շրջանում արմատավորվում է այն համոզմունքը, որ տվյալ այցով ոչ միայն Հայաստան-հյուրընկալվող երկիր հարաբերություններն են նոր թափ ստանում, այլև տրվում է ազդակ, թե տեղի է ունենում շրջադարձ, բեկումնային փոփոխություն տարածաշրջանային զարգացումների և երկրի ապագայի հարցում։ Օրինակ՝ ԱՄՆ փոխնախագահի, Ֆրանսիայի նախագահի կամ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները շատ հաճախ ընկալվում են որպես երաշխիք, թե Հայաստանը կփոխի իր ռազմավարական կողմնորոշումը, կկտրի կապերը Ռուսաստանի հետ կամ ձեռք կբերի նոր անվտանգային ու տնտեսական հովանոց։

Սակայն իրականության մեջ այցերն իրենցից ներկայացնում են աշխարհաքաղաքական հարաբերությունների ռազմավարական խճանկարների փոքրիկ դրվագներ, որոնք սովորաբար չեն հանգեցնում ակնթարթային, առավել ևս՝ արմատական տեղաշարժերի։ Այս համատեքստում, օրինակ՝ չպետք է գերագնահատել այցելությունների ընթացքում ստորագրված հուշագրերը և հայտարարել, թե միանգամից շրջադարձային փոփոխություններ են սպասվում։ Դրանք, որպես կանոն, հիմնականում անկյունաքարային, սկիզբ դնող և երկարատև գործընթացների մեկնարկի ազդակներ են, որից մինչև իրական արդյունք՝ ենթակառուցվածքների ստեղծում, տնտեսական շահեր կամ անվտանգության փոփոխություն, կարող է տարիներ պահանջվել։

Հայկական ներքին դիսկուրսի մյուս հատկանիշներից է հասարակության լայն հատվածի հույսերի ողջ առանցքը տեղափոխել այցերի և միջազգային հարթակից հնչած աջակցության հայտարարությունների ու փաստաթղթերի վրա՝ ի հակադրություն ադրբեջանական կամ թուրքական կողմերից եկող ռազմական և քաղաքական սպառնալիքների։ Սա հաճախ դառնում է, այսպես ասած, «ուզվորության» տրամադրությունների աղբյուր, երբ անհատները կամ քաղաքական դերակատարները պետականության հզորացման բնական մեխանիզմները փոխարինում են արտաքին օգնության սպասումով։ Արդյունքում այցելությունները ձևափոխվում են «փրկչական ուժի» սպասման հանգրվանի, մինչդեռ հիմնական շահառուն պետք է լինի ոչ թե այցի արարողակարգային մասը, այլ դրա բովանդակային ենթատեքստը։

Հարկավոր է ուշադրություն դարձնել ոչ թե միայն այն հնչեղ հայտարարություններին, որ ասվեցին որևէ մամուլի ասուլիսի ընթացքում, այլ գործողության բուն ծրագրերին, ճանապարհային քարտեզներին, իրատեսական նախաձեռնություններին, իրականացվող ֆինանսավորմանը, մշտադիտարկման մեխանիզմներին։ Բայց այստեղ վերստին առաջանում է այն մտավախությունը, որ ձևականության գերակայությունը հաճախ ձևավորում է հանրային մտածողությունը՝ ի վնաս կոնկրետ ու չափելի արդյունքների։

Միևնույն ժամանակ, հասարակական սեկտորի ներկայացուցիչների, մասնագետների մեկնաբանությունների դաշտում հաճախ հանդիպում ենք այցելությունները միայն աշխարհաքաղաքական տրամաբանության կամ ենթատեքստի տակ արվող մեկնաբանություններին։ Յուրաքանչյուր այց, ստորագրված հուշագիր կամ համագործակցության հռչակում դիտվում է որպես արտաքին քաղաքական գծի ընդլայնման կամ շրջադարձի նշան, երբ Հայաստանի այս կամ այն գործընկերոջ հետ հարաբերությունների սերտացումը միաժամանակ ընկալվում է որպես հակասություն մյուսի հետ։ Օրինակ՝ ԱՄՆ կամ ԵՄ բարձր պաշտոնյայի այցերը շատերի համար ձեռք են բերում հակառուսական աստառ, հաճախ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում տարածվում են այնպիսի մեկնաբանություններ, թե այցը նշանակում է Ռուսաստանի ազդեցության կտրուկ նվազում, նոր անվտանգության համակարգի կամ տնտեսական դաշտի փոփոխում։ Այդուհանդերձ, ոչ մի կոնկրետ այց կամ հայտարարություն չի կարող կախարդական փայտիկ դառնալ, ինչը կձևափոխի աշխարհաքաղաքական դաշտը՝ հաշվի չառնելով օբյեկտիվ փոխկապակցվածությունը, ընդհանուր շահերը, տնտեսական համագործակցության դաշտը և եղած սահմանափակումները։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment