Հայաստան․ ժամանակն աշխատում է նրանց օգտին, ովքեր գիտեն՝ ինչպես այն օգտագործել

Հայաստանն առաջ է շարժվում ավելի արագ, քան սովորաբար կարծում են Փարիզում։ Սակայն այն առաջ է շարժվում՝ ձեռնարգելակը ձգած վիճակում, իսկ այդ արգելակի մի հատվածը պահում է Սփյուռքը։

Մենք շրջեցինք Հայաստանում՝ հյուսիսից հարավ, Տավուշի հովիտներից մինչեւ Սյունիքի ոլորապտույտ ճանապարհներ։ Մենք այստեղ չէինք եկել որպես զբոսաշրջիկներ, այլ որպես վկաներ։ Մենք ցանկանում էինք լսել նրանց, ովքեր ամեն օր երկիրը կանգուն են պահում։

Մենք հանդիպեցինք մասնագիտական ​​ուսումնարանների տնօրենների եւ ուսուցիչների, գյուղական համայնքապետերի եւ ֆերմերների։ Զրուցեցինք բարեգործական հիմնադրամների աշխատակիցների, Ֆրանսիայից ժամանած ժանդարմերիայի սպաների ու քաղաքացիական անվտանգության ծառայության ներկայացուցիչների, ինչպես նաեւ հայկական ռազմական ակադեմիաների պատասխանատուների հետ։ Այս տասնյակ զրույցներից տպավորություն է ստեղծվում, որ երկիրը շարժման մեջ է, սակայն դեռեւս ոչ այն արագությամբ, որը նրանից պահանջում են պատմական իրողությունները։

Ի՞նչն է առաջընթաց ապրում։

Առաջընթացը նկատելի է․ առաջին հերթին՝ պետք է արձանագրել սա։ Ճանապարհները վերակառուցվում են, հատված առ հատված, իրար մոտեցնում երկար ժամանակ միմյանցից մեկուսացած մարզերը։ Ստեղծվել են չորս տվյալների կենտրոններ (data centers)՝ Հայաստանին հնարավորություն տալով իր տեղը զբաղեցնելու տարածաշրջանի թվային քարտեզի վրա։ Վերանորոգվել են ոռոգման ջրանցքներ. Սյունիքի հարթավայրերի գյուղաբնակների համար սա տարբերություն է կորսված բերքի եւ վաճառվելիք բերքի միջեւ։

Մասնագիտական ​​ուսումնարաններում տեսանք սարքավորումներով հագեցած արհեստանոցներ, տեսանք եւ ոգեւորված ուսուցիչների, որոնք ձգտում են պատրաստելու երկրին անհրաժեշտ մասնագետներ։ Բարեգործական հիմնադրամները համբերատար, հաճախ՝ անտեսանելի, աշխատանք են կատարում ընտանիքներին եւ գյուղական վայրերին աջակցելու համար։ Ֆրանսիայի հետ համագործակցությունը՝ ժանդարմերիայի եւ քաղաքացիական անվտանգության ոլորտներում, արդյունքներ է տալիս. կատարվում է աշխատանքային մեթոդների եւ փորձի փոխանակում։ Եվ վերջապես, ռազմական ակադեմիաները նույնպես սկսել են իրենց արդիականացման գործընթացը։

Այս ոլորտներից յուրաքանչյուրում մենք հանդիպեցինք գրագետ եւ նպատակասլաց մարդկանց։ Երկիրը էներգիայի, գործուժի պակաս չունի։

 

Ի՞նչն է արգելակում զարգացումը

 

Պակասում է ոչ թե կամքը, այլ այն շղթան, որը կամքը վերածում է իրական արդյունքի։ Ամենուրեք նույն ախտորոշումն է՝ երբեմն զուսպ, երբեմն՝ հոգնածությամբ։

Նախեւառաջ, տեխնիկական եւ կառավարչական գիտելիքների պակաս կա։ Երբեմն սարքավորումներն ավելի արագ են հասնում, քան դրանց շահագործման եւ սպասարկման համար անհրաժեշտ հմտությունները։

Երկրորդ․ միջին օղակներում լիազորությունների պատվիրակման պակաս կա։ Որոշումները նորից փոխանցվում են վեր, որտեղ էլ կուտակվում են։ Բաժինների ղեկավարները, հաստատությունների տնօրեններն ու տեղերում աշխատող պատասխանատուները ստիպված են լինում սպասել «կանաչ լույսին», որը, սակայն, շատ է ուշանում։

Երրորդ․ առկա է ղեկավար կազմի թարմացման խնդիրը։ Կառավարման բարձրագույն մարմիններում, կրթական հաստատություններում եւ մի շարք առանցքային նախարարություններում ղեկավար պաշտոնները դեռեւս զբաղեցնում են մարդիկ, որոնք կրթություն են ստացել այլ դարաշրջանում։ Թեեւ նրանք բոլոր չէ, որ մեղավոր են, համակարգը դժվարությամբ է առաջ մղում հաջորդ սերնդին, որն իրականում պատրաստ է գործելու։

Եվ վերջապես, մշակույթը մեծապես մոռացության է մատնված։ Արվեստի, գրականության եւ երաժշտության փոխանցմանն ուղղված ծրագրերը գոյատեւում են միայն անձնվիրության շնորհիվ, զուրկ անհրաժեշտ միջոցներից։ Մինչդեռ մի ժողովուրդ, որը դարերի ընթացքում պահպանվել է շնորհիվ իր լեզվի, ձեռագրերի եւ երաժշտության, չի կարող սեփական մշակույթին վերաբերվել իբրեւ պարզապես շքեղության։ Չէ՞ որ հենց մշակույթն է իմաստ հաղորդում մնացած ամեն ինչին։

 

Սփյուռքին․ պետք է պատասխանատվություն ստանձնել

Այժմ ցանկանում ենք դիմել Սփյուռքին, եւ առաջին հերթին՝ ֆրանսահայ համայնքին, որին մենք ինքներս հոգով պատկանում ենք։ Սփյուռքը չի ստանձնում իրեն բաժին ընկնող պատասխանատվությունը՝ ո՛չ մտավոր, ո՛չ էլ ֆինանսական առումով։

Մենք հմուտ ենք հիշողությունը արթնացնելու, հիշատակի հարգանք մատուցելու եւ վրդովմունք արտահայտելու հարցում, սակայն մեզ համար դժվար է երկարաժամկետ պարտավորություններ ստանձնելը։ Մեր բժիշկները, ճարտարագետները, իրավաբանները, գործարարներն ու արվեստագետները շատ բան ունեն փոխանցելու։ Քանի՞սն են տարեկան գոնե մեկ շաբաթ տրամադրում ուսուցիչների վերապատրաստմանը, պետական ​​գերատեսչություններին խորհրդատվություն տրամադրելուն, Երեւանում կամ Գորիսում գործող ստարտափերին մենթորություն անելուն։

Պետք է խոսենք նաեւ ֆինանսների մասին՝ առանց կեղծ համեստության։ Մի քանի սերունդների կյանքի ընթացքում կուտակված զգալի կապիտալը «քնած» է մնում շվեյցարական, բրիտանական եւ ֆրանսիական բանկերում։ Այն չի օգտագործվել միայն երկրի իրավիճակի նկատմամբ անուշադրության պատճառով։ Հայաստանը բարեգործություն չի խնդրում։ Հակառակը․ այն Սփյուռքի համար ընձեռում է հրաշալի հնարավորություն։

Այն, ինչ պակասում է, դա հրատապության զգացումն է, համերաշխությունն ու առատաձեռնությունը։ Բայց պակասում է նաեւ, եւ գուցե սա ավելի զարմանալի է, հնարավորությունը ճիշտ գնահատելու կարողությունը։ Հայաստանում ներդրում կատարելը պարզապես սրտաբուխ քայլ չէ, այլ սթափ դատողությամբ արված ձեռնարկատիրոջ ընտրություն։

Աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է՝ բացելով նոր հնարավորություններ։ Տարածաշրջանային խաղաղության հեռանկարները, գործընկերային կապերի դիվերսիֆիկացիան, ինչպես նաեւ թվային ոլորտի ու ենթակառուցվածքների առաջընթացը բացում են զարգացման մի պատուհան, որն ավելի ու ավելի ընդլայնվելու հնարավորություն կունենա։ Նրանք, ովքեր առաջինը կներգրավվեն այս գործընթացին, կստանան ամենամեծ օգուտները՝ թե՛ երկրի, թե՛ իրենց համար։

Ժամանակն աշխատում է նրանց օգտին, ովքեր գիտեն՝ ինչպես ճիշտ օգտագործել այն

Հայաստանը մեր կարեկցանքի կարիքը չունի։ Հայաստանին անհրաժեշտ են մեր ներկայությունը, մեր հմտությունները եւ մեր կապիտալը՝ ներդրված բարձր չափանիշներով եւ երկարաժամկետ։ Գործնականում մենք կարող ենք ստանձնել երեք պարտավորություն։ Առաջին․ հովանավորել միջին օղակի մասնագետների պատրաստումը՝ ինչպես ուսումնական հաստատություններում, այնպես էլ պետական կառավարման մարմիններում։ Երկրորդ․ ապահովել երկարաժամկետ ֆինանսավորում մշակույթի փոխանցման համար՝ երաժշտությունից մինչեւ գրականություն։ Եվ վերջապես՝ Սփյուռքի միջոցների մի մասը ուղղել Հայաստանում իրականացվող արդյունավետ, արտադրողական ծրագրերին։

Մենք պետք է մարդասիրական գործունեությունից անցնենք մասնագիտականի. ինչպես դա արդեն մի քանի տարի անում է «Ֆրանսիայի հայկական հիմնադրամ»-ը՝ գյուղատնտեսության ոլորտում, կամ ինչպես API-ն՝ սահմանամերձ բնակչությանը առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություններ սովորեցնելով, իսկ ձեռնարկատիրական եւ պաշտպանական ոլորտի աշխատակիցներին՝ կիբերանվտանգության հմտություններով զինելով։

Մենք պետք է բարեգործությունից անցնենք փոխանակման, ցրված եւ մակերեսային օգնությունից՝ նպատակային ներդրումների, պարզ նվիրատվություններից՝ իրական վերափոխման։ Ահա թե որն է Սփյուռքի արժանի տեղը։

Սյունիքի ճանապարհներին մենք հասկացանք մի պարզ ճշմարտություն. ժամանակը ո՛չ Հայաստանի օգտին է աշխատում, ո՛չ էլ նրա դեմ։ Այն աշխատում է նրանց օգտին, ովքեր գիտեն՝ ինչպես օգտագործել այն առաջ շարժվելու համար։ Մեզանից՝ Սփյուռքից է կախված որոշելը, թե որ կողմում ենք ցանկանում լինել։

Ռոբեր Այտապիրեան եւ փաստաբան Ալեքսանտր Արմէն Գույումճեան

Փարիզ

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment