«Այսօրվա ընդդիմությունը համախմբված է հարուստ անհատների շուրջ»․ Հասմիկ Հակոբյանի՝ ընդդիմության փոփոխության անհրաժեշտության հիմնավորումը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ուրախալի է համարում, որ19 համայնքներում ՔՊ-ական թեկնածուները ընտրվել-վերընտրվել են, այն առումով, որ «վերընտրվում է նույն համայնքի ղեկավարը․ այսինքն՝ ունի ընկալելիություն, և գոհ են բնակիչները համայնքի ղեկավարից և գնահատում են այն հսկայական աշխատանքը, որը կատարվել է»։

Բայց, մյուս կողմից, իր համար էլ մտահոգիչ է․ «Հայաստանում կուսակցական համակարգը չի զարգանում, որովհետև մի կողմից կա գաղափարական կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր», մյուս կողմից կան անհատի ու փողի շուրջ հավաքված ինչ-որ մարդիկ։ Այսինքն՝ աշխատանք չեն կատարում համայնքներում, չունեն այն աջակիցները, որոնք ցանկություն ունեն որևէ գաղափարախոսություն առաջ տանել, այլ փողի, անհատի շուրջ հավաքված մարդիկ են, և նրանց շուրջ դժվար են մարդիկ համախմբվում»։

Ընտրախախտումների և ընդդիմության վրա ճնշումների մասին հարցին էլ այսպես պատասխանեց իշխանական պատգամավորը․ «Մենք վարչությունով էլ ենք դա քննարկել, և դրա համար էլ վարչապետը հայտարարությամբ հանդես եկավ։ Բայց, ինչպես տեսանք, հիմնականում այնպիսի դեպքեր էին, երբ իրոք կար աշխատանքային որևէ խնդիր, մարդը դուրս էր եկել, ենթադրենք՝ կարծեմ հարսը սկեսուրի տեղն էր ստորագրել ինչ-որ մի տեղ, դա էր խնդիրը, և այս ամեն ինչը ներկայացնել որպես բռնաճնշում՝ հեշտ է։ Այսինքն՝ ընդդիմությունը, լինելով քաղաքականապես սնանկ, այդպես արդարանում է քաղաքացիների մոտ, թե ինչու չի առաջադրվել։

Որովհետև երբ որ առաջադրվեն և ստանան այն քվեները՝ որտեղ շանս են տեսել ու առաջադրվել են… կներեք, բայց դա ընդհանուր առմամբ քաղաքական դիվիդենդ նրանց չի բերի, որովհետև մրցակցային եղել են ընտրատեղամասեր, որտեղ երեք թեկնածու է եղել ընդդիմադիր, որևէ մեկը ձայն չի ստացել, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիրը» էլի 100%-անոց ձայն է ստացել համայնքից։

Դա մտահոգիչ է այն առումով, որ չկա այլընտրանք, քաղաքացիները չեն տեսնում այդ այլընտրանքը և միգուցե չեն գնում ընտրության, սա էլ է խնդիր։ Բայց այդ քաղաքացիները ազատ են, այդ քաղաքացիները իրենց տանն էին, և որևէ ընդդիմադիր ուժի որևէ մեկը չէր խանգարում գնալ և այդ քաղաքացիներին համոզել, որ գան իրենց ընտրեն»։

Հարցին՝ ինչո՞ւ եք ընդդիմությանն ուզում փոխել, եթե նույն ընդդիմությունը ստացել է կես միլիոն հավաքական քաղաքացիների ձայնը, այսինքն՝ դուք ինչի՞ եք որոշել, որ այդ կես միլիոն մարդը սխալվել է, իշխող ուժի պատգամավորը պատասխանեց․ «Մենք չենք համարում, որ սխալվել է, մենք պարզապես… Ես ասացի՝ այսօրվա ընդդիմությունը համախմբված է հարուստ անհատների շուրջ։ Անգամ գաղափարական Դաշնակցություն կուսակցությունը այսօր Քոչարյանի ոտքերի տակ ընկած ինչ-որ մի ուժ է դարձել, ներողություն, ես ցավով եմ ասում, որովհետև 100-ից ավելի տարեկան կուսակցություն է, բայց այսօր դարձել է հարուստ Քոչարյանի շուրջ համախմբված մի առանձնյակ։

Ինչպես Սամվել Կարապետյանի շուրջ են մարդիկ․․․ դա փողի կուսակցություն է, փողի ուժեր են, և դա ապացուցվում է նաև համապետական ընտրություններում նաև բազմաթիվ հարուցված քրեական գործերը ընտրակաշառքի բերումով։ Այս անգամ «Ուժեղ Հայաստանը» առաջադրվել էր իր անունով մեկ համայնքում, որտեղ էլի բռնվեց ընտրակաշառքի վրա։ Ի՞նչ եք ուզում ասել, սա գաղափարակա՞ն… Եթե գաղափարական առանցքի շուրջ հավաքված ուժեր լինեին, կառաջադրվեին»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment