Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ

Հայաստանի Հանրապետությունում բռնության, ատելության խոսքի, անհանդուրժողականության և կալանքը որպես պատժիչ միջոց կիրառելու պրակտիկայի շուրջ Factor TV-ի տաղավարում խոսել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Անդրադառնալով հասարակության մեջ առկա քաղաքական բնույթի բռնի խոսքին և ֆիզիկական բռնություններին, ինչպես նաև պաշտոնյաների ու քաղաքական գործիչների կողմից հնչող ագրեսիվ հռետորաբանությանը, ՄԻՊ-ն ընդգծել է.

«Ընդհանրապես հասարակությունը և սովորաբար նաև պետական իշխանության մարմիններն էլ մշտապես հռչակագրային առումով խոսում են բռնության բացասական լինելու հանգամանքի մասին, բայց նաև պետք է արձանագրենք, որ մեր հասարակությունում և ոչ միայն մեր հասարակությունում… բռնությունը շատ տարածված երևույթ է, ընդ որում սկսած ֆիզիկական բռնությունից ավարտված բռնության մնացյալ այլ տեսակներով… Բռնությունը շատ դեպքերում նաև արդարացվող երևույթ է դիտարկվում… Ես որպես Մարդու իրավունքների պաշտպան և նաև միշտ հորդորում եմ բոլորին երբեք չմեղադրել հասարակությանը և քաղաքացիներին, որովհետև պետությունը և բոլոր իրավասու դերակատարներն են ձևավորում այն միջավայրը, որում մենք կանք»,- նշել է Մանասյանը։

Խոսելով բարձրաստիճան պաշտոնյաների (այդ թվում՝ վարչապետի) և ընդդիմադիրների կողմից միմյանց հասցեին հնչող վիրավորանքների և սպառնալիքների մասին՝ պաշտպանն արձանագրել է խոսքի մշակույթի խնդիր.

«Հորդորում եմ բոլորին զերծ մնալ նման տեսակի բառապաշարի օգտագործումից, որովհետև նույնիսկ եթե այդ բառապաշարը կամ այդ գործողությունը որպես այդպիսին չի հանգեցնում պատասխանատվության… մենք պետք է նաև ստանձնենք պատասխանատվություն՝ մարդկային, բարոյական և էթիկական պատասխանատվություն»։

Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել իրավապահ համակարգի գործողություններին՝ շեշտելով ընտրովի արդարադատության և կալանքի չարաշահման վտանգները։ Նրա խոսքով՝ հանրային ընկալումներում արդարության դեֆիցիտ է առաջանում, երբ օրենքը հավասար չի կիրառվում բոլորի նկատմամբ.

«Այստեղ ամենամեծ խնդիրը իրականում ընտրողաբար կիրառելիությունն է պատասխանատվության գործիքի, որովհետև սովորաբար դիտարկվում է սա ամբողջ դաշտը այդպիսի խոսքի տեսակներով է լցված, մեկ էլ հանկարծ տեսնում ես մեկ-երկուսի նկատմամբ պատասխանատվության միջոց է կիրառվում, մնացյալը շարունակում են իրենց նույն տրամաբանությամբ խոսքի այդ տեսակները օգտագործել… Երբ ընտրովի է այդ գործիքը կիրառվում, միևնույն է, ընդհանուր անարդարության տպավորություն է ձևավորվում, և նաև նպատակը չի իրացվում, մարդիկ չեն հասկանում, որ այս վարքագծի տեսակը վատ և ոչ իրավաչափ վարքագծի տեսակ էր»։

Ընդդիմադիրների նկատմամբ կիրառվող խափանման միջոցների վերաբերյալ ՄԻՊ-ը հստակեցրել է իր դիրքորոշումը.

«Կալանք խափանման միջոցի կիրառումը, որը ըստ էության պատժատեսակ չէ, և չի կարող որպես պատժատեսակ օգտագործվել… Բազմիցս եմ նշել, որ կալանքը Հայաստանում շատ հաճախ է կիրառվում, և հատկապես այս դեպքերում… առնվազն ինձ համար անհասկանալի է թվում համակարգային առումով… դարձյալ որևէ կերպ չեմ խախտում օրենսդրական պահանջները և չեմ միջամտում դատարանների գործունեությանը, բայց անհասկանալի է, թե որքանով է այս իրավիճակում իրավաչափ ընդհանրապես այս խափանման միջոցի կիրառումը, և որքանով է արդյունավետ այդ խափանման միջոցի կիրառումը»։

Անդրադառնալով եկեղեցու և պետության հարաբերություններին և իշխանության ներկայացուցիչների կողմից եկեղեցու գործունեությունն ուսումնասիրող հնարավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարին՝ Անահիտ Մանասյանը նշել է.

«Եթե ես լինեի պետական իշխանություն, ես համենայնդեպս ձեռնպահ կմնայի այդ տեսակի մարմիններ ձևավորելուց… Միանշանակ եկեղեցու ինքնավարությանը միջամտությունը արգելված է»։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

Leave a comment