Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Այսօր Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն։
Այսպես կոչված «իսլամական ՆԱՏՕ»-ի կամ «Մեքքայի դաշինքի» պետությունների ներկայացուցիչները ժամանել են Թեհրան՝ բանակցելու իրանական կողմի հետ։
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը, Պակիստանի բանակի հրամանատարը և Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպության ղեկավարը բանակցում են Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ։
Հանդիպումից մանրամասներ առայժմ գրեթե հայտնի չեն, սակայն պարզ է մի բան՝ դատելով մասնակիցների կազմից՝ այն ունի հիմնականում անվտանգային-ռազմական հարցերի լայն շրջանակ, որոնք դաշինքի ներկայացուցիչների կարծիքով լուծելի են միայն Թեհրանի հետ բանակցելու ճանապարհով։
Ըստ էության, Իրանի դեմ Սաուդյան Արաբիային պաշտպանելու նպատակով ստեղծված դաշինքի ներկայացուցիչները կարծում են, որ ավելի անվտանգ է Թեհրանի հետ պայմանավորվելը, քան հակամարտելը, և սա Իրանի տարածաշրջանային հզորության և առաջնորդության անուղղակի, սակայն փաստացի ճանաչում է»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: