Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբ՝ դատավորին վիրավորելու գործով։
Դատաքննությամբ հաստատված է համարվել, որ փաստաբանը, հանդես գալով քրեական վարույթով մեղադրյալի պաշտպանի կարգավիճակով, դատարան ներկայացված միջնորդությունների քննության առնչությամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունների իրականացման կապակցությամբ վիրավորելով դատավորին։
Դատարանի հաղորդագրությունը՝ ստորև․
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ավարտվել է թիվ ԵԴ1/3890/01/25 քրեական գործի դռնբաց դատաքննությունն՝ ըստ մեղադրանքի՝ Ա.Ս.-ի՝ Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման վերաբերյալ։
Դատաքննությամբ հետազոտված՝ պատշաճ իրավական ընթացակարգով ձեռք բերված ապացույցների ամբողջությամբ հաստատվել է, որ Ա.Ս.-ն, հանդիսանալով Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի վարույթում քննված քրեական վարույթով մեղադրյալի պաշտպանը, նախաքննության մարմնի կողմից Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված միջնորդությունների կապակցությամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ վիրավորելով դատավորին։
Հիմնական դատալսումների արդյունքներով՝ դատարանը, հաստատված համարելով Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ Ա.Ս.-ի մեղավորությունը, նրա նկատմամբ կայացրել է մեղադրական վերդիկտ»։
Հիշեցնենք, որ Factor.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի օգոստոսի սկզբին, սակայն Սիրունյանն առաջին անգամ Քննչական կոմիտե է հրավիրվել հոկտեմբերի 22-ին։ Նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել և նախաքննության ավարտ հայտարարվել, որից հետո գործն ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Այսպես՝ 2025 թվականի օգոստոսի 5-ին Ալեքսանդր Սիրունյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ մարզերից մեկում «Քննչականի պետն է գործերի բաշխումն անում»:
«Մի հատ մարզ կա, որտեղ դատավորների գործերի բաշխումն անում ա քննչականի պետը: Ինքն ա որոշում՝ որ դատավորին որ միջնորդությունը գրի։ Էս խոտաբույսերն էլ վեկալում քննում են»,- գրել էր Սիրունյանն ու ընդհանրական, առանց անուններ նշելու, այլ անպարկեշտ արտահայտություն արել դատավորի հասցեին։ Մեզ հայտնի էր դարձել նաև, որ դատավոր Սարգիս Հովհաննիսյանն է հանդես եկել Սիրունյանին քրեական պատասխանատվության ենթարկելու նախաձեռնությամբ՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին գրություն ուղարկելով և, ըստ էության, համարելով, որ գրառումն իր մասին է։