Սամվել Գասպարյան. «Այժմվանից արդեն գլխավոր թիրախ ընտրել ենք 2028 թվականի օլիմպիական խաղերը»

Սպորտի կառավարման կենտրոնում մեկնարկել են ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որոնց մասնակցում են մեր բոլոր ուժեղագույն ծանրորդները։

Առաջին օրը մրցահարթակը տրամադրվեց կանանց, որոնք ութ քաշային կարգերում որոշեցին հաղթողներին ու մեդալակիրներին։ Ըստ քաշային կարգերի, Հայաստանի չեմպիոն դարձան 48 կգ քաշային կարգ՝ Քրիստինե Բաբայան, 53 կգ՝ Իզաբելլա Յայլյան, 58 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան, 63 կգ՝ Նատալյա Սարգսյան, 69 կգ՝ Մերի Միսակյան, 77 կգ՝ Աննա Ամրոյան, 86 կգ՝ Էմմա Պողոսյան, +86 կգ՝ Տաթեւ Հակոբյան։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Առաջնությունում կանանց եւ տղամարդկանց պայքարին մասնակցում է ընդհանուր առմամբ 110 ծանրորդ։ Այսօր աղջիկների ցույց տված արդյունքից գոհ ենք՝ հաշվի առնելով, որ կանանց հավաքականը հունվար ամսին հավաքներ չի անցկացրել։ Գլխավոր թիմը եւ երիտասարդականն ու պատանեկանը կձեւավորվեն այս առաջնությունից հետո եւ կնախապատրաստվեն մրցաշրջանի կարեւոր մեկնարկներին»։

Հետաքրքրվեցինք, թե այս առաջնությունը կազմակերպչական առումով ինչո՞վ է տարբերվում նախորդներից։ «Շատ բաներով։ Առաջինը՝ մրցավարական կազմով։ ֆեդերացիան առաջին անգամ կազմակերպել է մրցավարական տեխնիկական սեմինարներ, որպեսզի ներգրավենք նաեւ ազգային մրցավարներ, ինչը կզարգացնի ծանրամարտի մրցավարական ինստիտուտը Հայաստանում։ Նաեւ հրավիրել ենք ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիայի տեխնիկական հանձնաժողովի երեք անդամների, որոնք ներկայացնում են Գերմանիան, Կիպրոսը եւ Վրաստանը։ Իսկ ահա ժյուրիի նախագահը Հայաստանից է՝ Արայիկ Ալավերդյանը, որը համակարգում է աշխատանքները։

Հետաքրքիր առաջնություն է խոստանում լինել, որովհետեւ մասնակցում են մեր բոլոր լավագույնները; Ազատված ծանրորդներ չկան։ Թերեւս արժե նշել նաեւ, որ առաջին անգամ Հայաստանի առաջնությունը անցկացվում է լավ կահավորված ու ձեւավորված դահլիճում, մրցահարթակն էլ, ինչպես նշում են հրավիրված մասնագետ հյուրերը, համապատասխանում է եվրոպական մակարդակի չափորոշիչներին»։

Հարցին, թե նոր քաշային կարգերի անցումը ինչպես է ընթանալու, Սամվել Գասպարյանը պատասխանեց. «Մեր այս առաջնությունն անցկացվում է միջազգային ֆեդերացիայի հաստատած ու գործող քաշային կարգերով եւ կանոնակարգերով։ Սակայն օգոստոսի 1-ից Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կհրապարակի նոր քաշային կարգերը՝ տղամարդկանց եւ կանանց 6-ական քաշային կարգ»։

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նաեւ նշեց, որ ըստ էության, մարզաձեւի համար տարին նոր է սկսվում, որ ձեւավորվելիք հավաքականները ուսումնամարզական հավաքներ են անցկացնելու տարբեր քաղաքներում ու մարզաբազաներում, հանդես են գալու միջազգային մեկնարկներում՝ այժմվանից արդեն գլխավոր թիրախ ունենալով 2028 թվականի օլիմպիական խաղերը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment