«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները Ազգային ժողովի բակում հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին։
Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքով՝ եթե հոկտեմբերի 27-ի դեպքերը տեղի չունենային, Հայաստանն այսօր այսպիսին չէր լինի։
«Մինչև հիմա հարցը բաց է մնում։ Հետևողական պետք է հասնել վերջնանպատակին՝ հասկանալ մոտիվները, թե ինչու այդպես եղավ, հասկանալ՝ ինչպես է դա եղել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ գործող իշխանությունը վերջին ութ տարիների ընթացքում հնարավորություն ուներ ապահովելու արդարացի քննություն և հասնելու արդյունքի։
«Կարծում եմ՝ հարցերը շատ են կապված հոկտեմբերի 27-ի հետ։ Այդ դեպքի հետ կապված քաղաքական շահարկումն ընդունելի չեմ համարում, սակայն ոճրագործության հիմնական բացահայտումն արդեն ցույց կտա»,- նշել է Նարեկ Կարապետյանը։