Հայաստանի քաղաքացիական հասարակության ավելի քան 100 կազմակերպություն հանդես է եկել ՏԿԵՆ մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթը շրջանառությունից հանելու պահանջով։ Նրանց գնահատմամբ՝ նախատեսվող փոփոխությունները կարող են թուլացնել համայնքների ազդեցությունը բնապահպանական որոշումների վրա:
Խոսքը հոկտեմբերի 14-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթի մասին է։
«Տվյալ նախագիծը վտանգում է Հայաստանի Հանրապետությունում տեղական ժողովրդավարությունը, սահմանափակում է տեղական ինքնակառավարումը և սոցիալ-էկոլոգիական իրավունքները՝ ի նպաստ ընդերքօգտագործման բիզնեսի։ Մասնավորապես, խիստ մտահոգություն են առաջացնում այն փոփոխությունները, որոնցով առաջարկվում է, որպեսզի համայնքի ավագանու նախնական անհամաձայնությունն այլևս չհանդիսանա փորձաքննության ներկայացված փաստաթղթերի փաթեթի ընդունումը մերժելու, փորձաքննության գործընթացը չսկսելու կամ փորձաքննության գործընթացը դադարեցնելու հիմք։
Նախագծով առաջարկվում է, որ համայնքի անհամաձայնության հիմքերն ուսումնասիրվեն փորձաքննության ընթացքում, իսկ դրանց հիմնավորվածության վերաբերյալ վերջնական դիրքորոշումը ձևավորի պետական լիազոր մարմինը»,-ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարությանը միացած կազմակերպությունները համոզմունք են հայտնել, որ նման մոտեցումը կարող է համայնքների մասնակցությունը դարձնել ընդամենը ձևական գործընթաց՝ որոշումների իրական ընդունումը կենտրոնացնելով պետական կառավարման մարմինների և գործադիր իշխանության ձեռքում։
Նրանց դիտարկմամբ՝ խնդիրը վերաբերում է համայնքների բնակիչների առօրյա կյանքի վրա անմիջական և երկարաժամկետ ազդեցություն ունեցող որոշումներին։ Դրանք առնչվում են մարդկանց առողջությանը, կյանքի որակին, ջրային պաշարների պահպանությանը, հողային ռեսուրսներին, կենսաբազմազանությանը, գյուղատնտեսությանը և ընդհանուր կենսամիջավայրին։
Կազմակերպություններն ընդգծել են, որ հանքարդյունաբերական և խոշորածավալ այլ տնտեսական գործունեության բացասական հետևանքների զգալի մասը կրում են հենց այն համայնքները, որոնց տարածքներում իրականացվում են այդ ծրագրերը։ Այդ պատճառով, նրանց գնահատմամբ, համայնքների դիրքորոշումը չպետք է դիտարկվի որպես երկրորդական նշանակություն ունեցող խորհրդատվական կարծիք, իսկ դրա մերժումը՝ սովորական վարչական ընթացակարգ։
Հայտարարության հեղինակներն անդրադարձել են նաև Հայաստանի միջազգային պարտավորություններին՝ պնդելով, որ առաջարկվող փոփոխությունները հակասում են երկրի վավերացրած մի շարք միջազգային համաձայնագրերի սկզբունքներին և կարող են խոչընդոտել դրանց կատարումը։
Մասնավորապես, կազմակերպությունները մտահոգություն են հայտնել, որ օրենսդրական փաթեթի ընդունումը կարող է անհնար դարձնել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում ընդունված Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակի թիրախների իրականացումը։
Նրանց գնահատմամբ՝ փոփոխությունները նաև կարող են խախտել Օրհուսի կոնվենցիայով երաշխավորված՝ բնապահպանական որոշումների կայացմանը հանրության մասնակցության իրավունքը և վտանգել Հայաստան–Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հիշեցրել են, որ միջազգային այդ փաստաթղթերով Հայաստանը պարտավորվել է ընդլայնել և ամրապնդել հանրության մասնակցությունը որոշումների կայացմանը, հատկապես բնության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում, այլ ոչ թե սահմանափակել այդ հնարավորությունները։
Կազմակերպությունները մի շարք պահանջներ են ներկայացրել պետական կառավարման մարմիններին։
«Պահանջում ենք՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ շրջանառությունից հանել ներկայացված՝ հակաժողովրդավարական և համայնքների ու նրանց բնակիչների իրավունքները ոտնահարող նախագծերի փաթեթը։
ՀՀ կառավարությունից՝ վերհանել նախագծի հեղինակների, մասնավորապես՝ լիազոր մարմնի, համապատասխան վարչությունների և մասնագետների կողմից նմանատիպ նախագիծ առաջ մղելու շարժառիթները ու ընդերքօգտագործման ոլորտի բիզնես շրջանակների նկատմամբ նրանց ենթադրյալ կողմնակալության հիմքերը և ձեռնարկել քայլեր՝ ապագայում կանխելու նմանօրինակ պրակտիկաները։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը՝ սեղմ ժամկետներում և հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ մշակել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ՝ ընդլայնելու և ամրապնդելու հանրության մասնակցության հնարավորություններն ու երաշխիքները՝ ապահովելու Օրհուսի կոնվենցիայով սահմանված պարտավորությունները։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, քաղաքացիական հասարակության և համայնքային ակտիվ քաղաքացիների, գյուղական համայնքների բնակիչների, ֆերմերների, կանանց և երիտասարդների աշխարհագրորեն ընդլայնված ներգրավմամբ, ներդնել լրացուցիչ՝ ուղիղ ժողովրդավարության մեխանիզմներ, որոնք միտված կլինեն որոշումների կայացման գործընթացներում համայնքների բնակիչների ազդեցության բարձրացմանը, մասնավորապես՝ շրջակա միջավայրին վերաբերող հարցերում»,-ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարությանը միացել են Օլեգ Դուլգարյան՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, Սոնա Այվազյանը՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Արաքս Մելքոնյանը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, Արթուր Սաքունցը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Անահիտ Գևորգյանը՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ և բազմաթիվ այլ գործիչներ: