«Հայաստանը պետք է գոնե կարողանա այդ հանցագործի դիմաց ստանալ մի շարք հայերի, ընդ որում՝ խոսքը չպետք է գնա մեկ-երկու գերիների մասին, որտեղ մենք ունենք կարգավիճակային առանձնահատկություններ». Սիրանուշ Սահակյան. «Հրապարակ»

Հայաստանի եւ Ադրբեջանի իրավապահ կառույցների միջեւ ձեռք բերված ուղիղ պայմանավորվածության արդյունքում՝ ՀՀ սահմանն ապօրինի հատած Թովուզի շրջանի բնակիչ Յաշար Քասիմովը հոկտեմբերի 26-ին՝ առանց որեւէ նախապայմանի, հանձնվել է ադրբեջանական կողմին, ապա տեղափոխվել Բաքու։

Եղե՞լ է արդյոք որեւէ նախապայման, պահանջ, խնդրանք հայկական կողմից: «Հրապարակի» հարցին պատասխանում է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը․ «Իմ ունեցած տեղեկություններով, ինչ-որ բան չեն պահանջել եւ չեն ստացել: Հարցը լուծում է ստացել իր մարդասիրական բնույթի մեջ: Առնվազն նշված անձի մասով մենք որեւէ տեղեկություններ չունենք, որ սադրիչ գործողություններով կամ այլ հանցանքների կատարմամբ է ուղեկցվել նրա վարկանիշը: Ավելին՝ ըստ ադրբեջանական աղբյուրների, նա տառապել է որոշակի հոգեկան խնդիրներով»:

Սիրանուշ Սահակյանը հիշեցնում է, որ Ադրբեջանի սահմանին էլ, Արցախում մենք ունեցել ենք դեպքեր, երբ հոգեկան խնդիրների պատճառով մարդիկ մոլորվել եւ գերեվարվել են: «Իմ գնահատմամբ, այս անձինք, անկախ նրանից, թե որ կողմում են հայտնվել, ենթակա են վերադարձման առանց նախապայմանի: Նրանց հետ կապված քաղաքական առեւտուր չի կարող լինել, եւ խնդիրն իսկապես ունի մարդասիրական բնույթ: Այստեղ մենք տարբերակում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի վարքագիծը: Եթե Ադրբեջանը Կարեն Պետրոսյանին, որը մոլորվել էր, ներկայացրեց որպես ահաբեկիչ, եւ Հայաստանը հետ ստացավ նրա դիակը, ապա նույն մոտեցումը, կարծում եմ, չէր կարող ցուցաբերվել Հայաստանի կողմից: Հայաստանը ոչինչ չէր շահելու հայ-ադրբեջանական հարաբերություններում, եթե անմեղ, հանցանք չկատարած անձին շարունակեին պահել եւ մարդկային տառապանքներ պատճառեին անմեղ ադրբեջանցի ընտանիքին: Մենք միշտ խոսում ենք հանցագործների պատժելիությունից, բայց եթե կան անմեղ մարդիկ, նրանց տառապանքների հաշվին պետությունները չեն կարող քաղաքական կամ այլ առավելություններ ստանալ: Իմ կարծիքով, ադրբեջանցու հանձնումը ողջունելի է, ցույց է տալիս, որ Հայաստանը տարբերվում է Ադրբեջանից, բայց սա պետք է օրինակելի դեպք դառնա, որ Ադրբեջանը վերանայի իր մոտեցումները հայ անմեղ գերիների, մոլորյալ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց հանդեպ եւ նրանց ազատ արձակի՝ առանց ՀՀ իշխանություններից պահանջելու օգուտներ»,- ասում է Սահակյանը:

Նա հիշեցնում է Ռաշիդ Բեգլարյանի դեպքը, որը մոլորվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ որոշ տարածքներ հանձնվել էին Ադրբեջանին: Նա գերեվարվել էր եւ, ըստ հայկական կողմի, եւս ուներ հոգեկան խնդիրներ: «Առանց պայմանի հանձնելով մոլորյալներին, Հայաստանը բարձրացնում է իր հեղինակությունը միջազգային ատյաններում, բայց ես հույս ունեմ, որ Ադրբեջանը կգնահատի այս մոտեցումը եւ նույն մարդասիրական մոտեցումները կցուցաբերի գերիների առնչությամբ»,- նշեց Սիրանուշ Սահակյանը: Բայց նա վերապահում ունի Շաքիի միջադեպի հերոսի հետ կապված․ «Իմ մոտեցումը վերաբերելի է մոլորված, հոգեկան կամ այլ խնդիրներ ունեցող անձանց, ոչ հանցանք կատարածներին: Բայց քանի որ Ադրբեջանը վարում է պատանդային քաղաքականություն ու ունի ՀՀ-ում պահվող հանցագործ, ու եթե այս անձի վերադարձն անխուսափելի է, կարծում եմ՝ Հայաստանը պետք է գոնե կարողանա այդ հանցագործի դիմաց ստանալ մի շարք հայերի, ընդ որում՝ խոսքը չպետք է գնա մեկ-երկու գերիների մասին, որտեղ մենք ունենք կարգավիճակային առանձնահատկություններ»:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment