Քնի ժամին անչափահասին նկատելով միջանցքում՝ վերջինիս հրելով տեղափոխել է խմբասենյակ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել

Ավարտվել է «Զատիկ» կենտրոնի դաստիարակի կողմից անչափահաս սանին ծեծի ենթարկելու գործով նախաքննությունը


ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ավարտվել է «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի դաստիարակի կողմից անչափահաս սանի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են Քննչական կոմիտեից։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Ն.Մ.-ն, հանդիսանալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի դաստիարակ, 2026 թվականի օգոստոսի 9-ին ֆիզիկական բռնության է ենթարկել իրենից կախվածության մեջ գտնվող՝ նույն կազմակերպությունում շուրջօրյա խնամքի ծառայություն ստացող, 2012 թվականին ծնված անչափահաս սանին։

Մասնավորապես, Ն.Մ.-ն, օրվա կարգացուցակով սահմանված քնի ժամին ննջասենյակում գտնվելու փոխարեն անչափահասին նկատելով միջանցքում, վերջինիս հրելով տեղափոխել է խմբասենյակ, որտեղ գտնվող այլ սաների և աշխատակիցների ներկայությամբ տևական ժամանակ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր հատվածներին, որի հետևանքով անչափահաս սանին պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։   

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, Ն.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ անչափահասի նկատմամբ):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոփոխվել է տնային կալանքով։ 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ  ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։


 


Leave a comment